Գերմանիայի տարածքի մոտ 5%-ը պիտանի է ռադիոակտիվ թափոնների վերջնական պահեստարանի կառուցման համար։ Դրա մասին երեքշաբթի հայտարարել են Ռադիոակտիվ թափոնների կառավարման դաշնային ընկերության (BGE) մասնագետները, որոնք զբաղվում են օբյեկտի համար համապատասխան վայրի որոնմամբ, հաղորդում է գերմանական dpa գործակալությունը։

Գերմանիան նախատեսում է մինչև 2050 թվականը ստորգետնյա պահեստարան ստեղծել շուրջ 27 հազար խորանարդ մետր բարձր ռադիոակտիվության թափոնների համար, որոնք կուտակվել են ատոմակայանների ավելի քան 60 տարվա աշխատանքի ընթացքում։ Այժմ վտանգավոր նյութերը գտնվում են երկրի տարբեր շրջաններում տեղակայված 16 ժամանակավոր վերգետնյա պահեստարաններում։ Ապագա օբյեկտը պետք է ապահովի դրանց անվտանգ պահպանումը մեկ միլիոն տարվա ընթացքում։

Գերմանիան որոշել է հրաժարվել ատոմային էներգետիկայից 2011 թվականին՝ Ճապոնիայի «Ֆուկուսիմա» ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո՝ կանցլեր Անգելա Մերկելի պաշտոնավարման օրոք։ Երկրի վերջին ատոմակայանները դադարեցրել են աշխատանքը 2023 թվականի ապրիլին։

BGE-ի մասնագետները գնահատում են Գերմանիայի տարածաշրջանների երկրաբանական կառուցվածքը՝ պարզելու համար, թե որտեղ կարելի է տեղակայել ստորգետնյա պահեստարանը։ Հնարավոր պիտանի տեղամասեր են համարվում գրանիտային, աղային և կավային ապարներով տարածքները։ Ընդ որում, օբյեկտը պետք է մակերևույթից բաժանված լինի առնվազն 300 մետր հաստությամբ ապարաշերտով։

Ոչ պիտանի են ճանաչվում խախտված կամ անկայուն երկրաբանական կառուցվածք ունեցող տարածքները։ Դիտարկումից բացառվում են նախկին հանքարդյունաբերական շրջանները, հրաբխային ակտիվության գոտիները և երկրաշարժերի բարձր ռիսկ ունեցող տարածաշրջանները։

BGE-ի տվյալներով՝ հնարավոր տեղամասերի ցանկից ամբողջությամբ բացառվել են Ռայնլանդ Պֆալց, Հեսսեն, Սաքսոնիա և Սաար դաշնային երկրամասերը, ինչպես նաև Բեռլին քաղաք-պետությունը։

2027 թվականին գործակալությունը մտադիր է վերջնական առաջարկություն ներկայացնել, թե որ տարածաշրջանները պետք է ավելի մանրամասն ուսումնասիրվեն։ Տարածքի ընտրության վերաբերյալ վերջնական որոշումը պետք է ընդունի Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Բունդեսթագը։