Այս տարի Կաննի փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերի ռեժիսորներից շատերը նախկինում եղել են «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի հյուրը, ոմանք անգամ մեկից ավելի անգամներ:

Իրանական կինոյի դասական Աբաս Քիարոսթամիի անունը, ում 2005թ. «Ոսկե ծիրանում» շնորհվել է «Փարաջանովյան թալեր» մրցանակ` համաշխարհային կինոյում խոշոր վաստակի համար: Այնուհետեւ` 2007թ., Քիարոսթամին Երեւան ժամանել է վարպետության դասեր անցկացնելու «Ոսկե ծիրան»-ի միջազգային կինոդպրոցի ուսանողների հետ, ինչի արդյունքում ստեղծվել են մի քանի հետաքրքիր կարճամետրաժ ֆիլմեր հայ, վրացի եւ թուրք ուսանողների կողմից: 2011թ. Քիարոսթամին կրկին «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրն էր: Այս տարի նրա «Սիրահարի պես» ֆիլմն ընդգրկված է Կաննի մրցութային ծրագրում:

Տասը տարվա լռությունից հետո համաշխարհային կինոյի «Խենթ երեխան»` (Enfant Terrible) Լեոս Կարաքսն այս տարի Կաննում ներկայացնում է իր նոր «Աստվածային շարժիչներ» ֆիլմը, որը որոշ քննադատներ համարում են հանճարեղ, ոմանք էլ` ինչպես միշտ` խելագարի ցնորք: 2007թ. «Ոսկե Ծիրան»-ը կազմակերպել է Կարաքսի բոլոր ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները:

«Ոսկե Ծիրան»-ի 2007թ. մրցանակակիրներից ավստրիացի ռեժիսոր Ուլրիխ Զայդլն այս տարի նույնպես Կաննում է իր «Դրախտ. սեր» ֆիլմով:

Կաննում է նաեւ Սերգեյ Լոզնիցան, ով «Ոսկե ծիրան»-ին մասնակցել է երկու անգամ: Առաջին անգամ նա Երեւան ժամանեց 2006թ. որպես վավերագրող իր չափազանց հետաքրքիր «Շրջապատում» ֆիլմով: Երկրոդ անգամ` 2010թ., փառատոնում ներկայացրեց իր «Իմ երջանկություն» ֆիլմը եւ արժանացավ Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթի «Արծաթե ծիրան» հատուկ մրցանակի: Լոզնիցայի նոր «Մշուշում» ֆիլմը մեծ հետաքրքրություն է առաջացրել Կաննում եւ համարվում է մրցանակի հավակնորդ: