Մեծ Բրիտանիայի գերագույն դատարանը որոշել է Շվեդիային հանձնել սկանդալային Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին:
Ասանժի փաստաբանների թիմը հասել է մինչեւ բարձրագույն դատական ատյան, փորձելով չեղյալ համարել Լոնդոնի բարձրագույն դատարանի որոշումն` Ասանժի էքստրադիցիայի մասին:

Շվեդիայի իշխանությունները Ասանժին կալանավորելու որոշում էին կայացրել դեռ 2010-ի օգոստոսին: Նրան կասկածում են Շվեդիայի քաղաքացուհու հետ առանց պահպանակի սեռական կապ ունենալու մեջ:

Մեկ այլ կին հայտարարել է, որ Ասանժն իր հետ սեռական կապի մեջ է մտել, երբ ինքը քնած է եղել, ինչը կարող է որակվել որպես բռնաբարություն:

Ասանժի պաշտպանությունը լսումների ժամանակ պնդել է, որ Շվեդիայի դատախազության` էքստրադիցիայի մասին հարցումը քաղաքական դրդապատճառներ ունի: Բրիտանական դատական պրակտիկայում եղել են դեպքեր, երբ դատավորները համաձայնել են ներգաղթյալների դատապաշտպանների նման փաստարկներին: Ինքը` Ասանժը կարծում է, որ իր էքսրտադիցիայի հարցում բոլորից շատ ազդեցություն են գործում ԱՄՆ իշխանությունները, հաղորդում է «ՄԻՌ»-ը: