Ռուսաստանում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարում «Նովայա գազետա» թերթի լրագրողուհի Դիանա Խաչատրյանը խնդրել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին միասին լուսանկարվել, ինչին վերջինս «սիրով համաձայնել է»:

Դրանից հետո լրագրողուհին, ըստ վարչապետի աշխատակազմի ներկայացուցչի խոսքով, հայտնվել է բոլոր տեսակի «սեւ ցուցակներում»: Դրա հետ կապված, Դիանան դիմել է անձամբ Մեդվեդեւին, գրում է «Նովայա գազետան»:

«Դմիտրի Անատոլեւիչ, հնարավոր է, Դուք ինձ հիշում եք: «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարում ես կամավորական էի եւ խնդրեցի Ձեզ միասին լուսանկարվել, ինչին Դուք սիրով համաձայնեցիք:

Այսօր ես դիմում եմ Ձեզ, որովհետեւ, այդ, թվում է, անվնաս լուսանկարի պատճառով արդեն կոնկրետ մարդիկ են տուժել:

Կամավորականների խմբի ղեկավարներից մեկին իմ ներկայությամբ ազատել է պահպանության ծառայությունը, մյուսին ղեկավարությունը թողել է առանց պարգեւատրման, իսկ Ձեզ ուղեկցողներից մի կին ուղիղ հարցրեց. «Դու ինչ է, բա՞նտ ես ուզում»:

Վախենում եմ, որ պատժվել են նաեւ Անվտանգության ծառայության աշխատակիցները, ովքեր առանց հարցնելու «ՎԿոնտակտե» ցանցի իմ էջից վերցրել են այդ լուսանկարը` համագումարի կայքի համար, սակայն հարկ չեն համարել ստուգել «Facebook»-ը, որտեղ իմ էջում հստակ գրված է. «Նովայա գազետայի» թղթակից:

Դմիտրի Անատոլեւիչ, եթե Դուք դեմ չէիք, ինչու են բոլոր մյուսները դեմ»,-գրել է լրագրողուհին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Նովայա գազետա» թերթի լրագրող Դիանա Խաչատրյանը հայտնվել է սկանդալի կենտրոնում` «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարից ոչ ֆորմալ ռեպորտաժի եւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ լուսանկարվելու պատճառով: Նրան հիմա սպառնում են:

Դիանա Խաչատրյանը «Եդինայա Ռոսիայի» մայիսի 26-ին կայացած համագումարում կամավոր է գրվել, իսկ մայիսի 28-ին հրապարակել է իր տպավորությունները: Դրանից հետո նա սպառնալից հեռախոսազանգ է ստացել: Զանգահարող աղջիկը ներկայացել է որպես «Եդինայա Ռոսիայի» «Երիտասարդ գվարդիայի» շրջանային բաժանմունքի ղեկավար եւ ասել, որ Դիանան վարվել է առնետի պես եւ պահանջել է ջնջել տեքստը: Վերջում էլ հայտարարել է. «Հիմա դու բոլոր տեսակի «սեւ ցուցակներում» ես, ինչպես հատուկ ծառայությունների, այնպես էլ մնացածի մոտ, այդ թվում` մեր»:

Ինչպես նշում է «ԺուրԴոմը», Դիանայի ռեպորտաժում ոչ մի «քրեական» բան չկա. դա սովորական «անդրկուլիսային» տպավորություններ են, իսկ հիմնական հետեւությունը նոր չէ, որ նման միջոցառումների ժամանակ տեղի ունեցող ամեն բան խստորեն կանոնակարգվում է:

Միակ «քրեական» հանցանքն այն է, որ Դիանան ձայն է տվել իր կողքով քայլող Դմիտրի Մեդվեդեւին եւ խնդրել` լուսանկարվել իր հետ, ապա հրապարակել է լուսանկարը: Պարզվում է, որ դա չէր կարելի անել: