Երեւանում, հունիսի 2-4-ին, Logos Expo Center-ը կազմակերպում է 6-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդես «Մանկության աշխարհ  EXPO  2012« խորագրով` նվիրված Երեխաների Պաշտպանության միջազգային օրվան:

Ցուցահանդեսը կանցկացվի նորակառույց ցուցահանդեսային համալիրում` «Երեւան Էքսպո»-ում, որն իր տեսակի մեջ միակն է:

«Մանկության աշխարհ EXPO 2012» ցուցահանդեսը հերթական քայլն է երեխաների եւ դպրոցականների համար պրոֆեսիոնալ ցուցահանդեսի կազմակերպման գործում: Ցուցահանդեսի գլխավոր նպատակը` տվյալ ոլորտի զարգացումն է, բարձրակարգ արտադրողների եւ մասնագետների ներգրավումը, երեխաների համար նախատեսված ապրանքների տեսականիով հայաստանյան շուկայի հարստացումը:

Եռօրյա ցուցահանդեսի ընթացքում «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրը պարուրված կլինի տոնական մթնոլորտով, որտեղ յուրաքանչյուրը կհայտնվի մանկության  զարմանալի աշխարհում:

Ցուցահանդեսը կանցկացվի ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ  աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ինչպես նաեւ  Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության աջակցությամբ:

Ցուցահանդեսի մասնակից ավելի քան 60 հայկական եւ օտարերկրյա ընկերությունները կներկայացնեն ապրանքներ եւ ծառայություններ երեխաների համար` հագուստ, կոշկեղեն, խաղալիքներ, գրասենյակային եւ դպրոցական պարագաներ, սնունդ նորածինների համար, քաղցրավենիքներ, պաղպաղակ, զարգացող եւ ուսուցանող խաղեր, կրթոջախներ, ուսումնական ձեռնարկներ եւ գրքեր, բժշկություն երեխաների համար, ատրակցիոններ եւ այլն:

Ցուցահանդեսին մասնակցում է վեց մանկատուն ՀՀ տարբեր մարզերից (Գյումրի, Գավառ, Խարբերդ, Դիլիջան, Երեւան), որտեղ երեխաները կներկայացնեն իրենց ձեռքի աշխատանքները:    

«Մանկության աշխարհ EXPO 2012»-ը կուղեկցվի հարուստ մշակույթային ծրագրով:

- Ֆոտոմրցույթ «Ժպտերեսիկ»

- Մրցույթ լավագույն նկար «Փոքրիկ նկարիչ»

- «Ատեքս» նորաձեւության կենտրոնի հետ համատեղ մանկական հագուստի ցուցադրում

- «Կաստանեիտա» մանկական պարային համույթի ելույթ 

- Ս.Դեւոյանի «Հոգու եւ պարի թատրոնի» ելույթ 

- «Մինորա» մշակույթային պրոդյուսերական կենտրոնի կողմից կազմակերված մեծ շոու ծրագիր

- «Էմանուել» մանկական պարային համույթի ելույթ 

- «Դոլս» մանկական պարային համույթի ելույթ 

- «Փոքրիկ երեւանցիներ» մանկական պարային համույթի ելույթ 

- «Նինա Հովնանյան Կուտյուր» կենտրոնի մանկական հագուստի ցուցադրում