Ռուս քաղաքական գործիչ եւ միլիարդատեր Միխայիլ Պրոխորովի մամուլի ծառայությունում հերքել են Մոսկվայի քաղաքապետի ընտրություններին նրա մասնակցության մասին տեղեկությունը, հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Ավելի վաղ նման տեղեկություն էր հայտնվել «Կոմերսանտ» թերթում:

Թերթը հայտնել էր, որ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն առաջարկել էր քաղաքապետի ընտրությունների մասին օրենքում վերանայել այն կետը, որը սահմանում է, որ  մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնին կարող են հավակնել նաեւ ինքնաառաջադրվածները: Մոսկվայի քաղաքային դուման նախկինում առաջին ընթերցմամբ օրինագիծ էր ընդունել, որը ենթադրում էր մայրաքաղաքի ուղիղ ընտրություններ:

Ըստ «Կոմերսանտի» տվյալների`  նախագահի նախկին թեկնածու Միխայիլ Պրոխորովն արդեն որոշում կայացրել է Մոսկվայի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար: Դա հաստատել են նաեւ նրա շրջապատի աղբյուրները: Պրոխորովն անձամբ հրաժարվել է մեկնաբանել այդ լուրը:

Սերգեյ  Սոբյանինի լիազորություններն ավարտվում են 2015 թվականին: