Բենզինով եւ քիմիական այլ միացություններով թմրամիջոց պատրաստելու պահին ոստիկանության կողմից օրեր առաջ բերման է ենթարկվել Նալբանդյան գյուղի բնակիչ  Անուշավան Գեւորգյանը:Նա բերման է ենթարկվել գյուղից ոչ հեռու` «Մուրոյի գոլ» կոչվող դաշտից, որտեղ պատրաստել է այդ միացությունը: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին այս տեղեկությունը:

Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի գյուղապետ Գրիգոր Մկրտչյանը  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, արձագանքելով այն տեղեկություններին, որ Անուշավան Գեւորգյանը հիմնական ժամանակն անցկացրել է վերը նշված վայրում եւ զբաղվել թմրանյութի արտադրությամբ, ասաց. «Ընդամենը երկու քար է եղել դրած, կրակ են վառել այդ միացությունը պատրաստելու համար: Հեռվից զուռնի ձենը ուժեղ է գալիս»:

Գյուղապետից նաեւ տեղեկացանք, որ Ա. Գեւորգյանն ազատամարտիկ է եւ վերջերս է ազատվել քրեակատարողական հիմնարկից: Հարցին, թե նա գյուղում շատերի՞ն է իր ցանցը գցել, գյուղապետը պատասխանեց. «Չէ, չէ, մենակ էդ մեկն է: Երկու տարի առաջ եկան, մի երկու պլանի քոլ գտան, բռնին տարան խեղճ տղուն նստեցրեցին: Ցանել էր, բայց չէր ծախում իրա համար էր  ցանել: Կռվող տղա է, իր համար էր օգտագործում»:

Գյուղապետից տեղեկացանք նաեւ, որ նա մոտ 55 տարեկան է, ամուսնացած է եւ ունի 1 տղա:

Նշենք, որ բենզինով պատրաստված թմրամիջոցը, թեեւ մատչելի է, բայց այն 1-2 տարի օգտագործելուց հետո մարմինը քայքայում է եւ հանգեցնում մահվան: