Ֆրանսիայի Օ դը Սենի գերագույն խորհրդի նախագահ, նախկին նախարար Պատրիկ Դեւեջյանն այցելել է Մարսել` խորհրդարանական ընտրություններում աջակցելու համար «Միություն հանուն ժողովրդական շարժման» թեկնածու Վալերի Բուայեին, տեղեկացնում է ֆրանսիական  «La Provence» պարբերականը:

Ծաղիկների խոնարհում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին, այնուհետեւ հանդիպում նախընտրական արշավի շրջանակում` «Ձիթապտղի վաճառականի որդին» ֆիլմի ցուցադրությամբ, որտեղ եւս շոշափովում է Հայոց ցեղասպանության թեման. Բուայեն այսպիսով իր տարերքի մեջ էր:

Մարսելի Բուշ դյու Ռոն օկրուգից պատգամավոր առաջադրված Բուայեն, ով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակն էր, մտադիր է շարունակել իր պայքարը: «Ես խոստանում եմ չթուլացնել պայքարը: Մենք եւս մեկ անգամ կպահանջենք, որ այդ հարցը նորից ներկայացվի խորհրդարանում»,-լեփ լեցուն դահլիճի առջեւ հայտարարել է նա: Խոստումն ընդունվել է ծափողջյուններով:

Պատրիկ Դեւեջյանը հայտարասրել է, թե եկել է աջակցելու Բուայեին նրա համար, որ «Բուայեի նկատմամբ երախտագիտություն պետք է ցուցաբերել: Մյուսը այն պատճառով, որ իմ հարազատներն առաջին անգամ ոտքը ֆրանսիական հողի վրա են դրել Մարսելում: Եվ ես համոզված եմ, որ հենց այս քաղաքում են գտնվում Հայոց ցեղասպանության ճանաչման արմատները»:

Պատրիկ Դեւեջյանը նաեւ ավելացրել է. «Հավատացեք ինձ. Թուրքիան հետեւելու է ընտրությունների արդյունքներին այս օկրուգում: Եթե Բուայեն չընտրվի, Թուրքիան երջանիկ կլինի»: