Հակառակ սպասումներին` ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդն այսօր` հունիսի 5-ին, որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%: Այդ մասին տեղեկացնում է ԿԲ-ի պաշտոնական կայքէջը:
Նշենք, որ ԿԲ-ի կողմից որդեգրած գնաճի նպատակադրման քաղաքականության շրջանակներում վերաֆինանսավորման տոկոսադրույքը հանդիսանում է գնաճի կառավարման հիմնական գործիքը: Այն պարագայում, երբ գնաճը նվազում է, վերաֆինանսավորման տոկոսադրուքյը պետք է նվազի, իսկ գնաճի դեմ պայքարի շրջանակներում` պետք է բարձրացվի:
Հայաստանում 2012 թ. մայիսին 12ամսյա գնաճը կազմել է ընդամենը 0.5%, ինչը նույնիսկ ավելի ցածր է, քան օրենքով սահմանված թույլատրելի միջակայքը (4+-1.5%): Ավելին` մայիսին ապրիլի նկատմամբ գները նվազել են 1.3%-ով: Հետեւաբար, ըստ իր կողմից հռչակված քաղաքականության, ԿԲ-ն պարտավոր էր նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որը շատ բարձր է` 8%: Համեմատության համար` Եվրոպայի կենտրոնական բանկի տոկոսադրույքը 1% է, ԱՄՆ-ինը` 0.25%, Ճապոնիայինը` 0.1%:
Հայաստանն իր վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել է այն մակարդակին, ինչ Ռուսաստանում է, սակայն գնաճն այնտեղ ավելի բարձր է` 2.3%:
Բարեբախտաբար` Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքը ազդեցություն չունի շուկայում տոկոսադրույքների մակարդակի վրա, հետեւաբար` դրա նվազեցումը կամ բարձրացումը ֆինանսական շուկայի գործընթացների (շուկայական տոկոսադրույքների) վրա լուրջ ազդեցություն չի թողնում: Հարկ է նշել, որ ԿԲ-ն գնաճի նպատակադրման քաղաքականության անցավ առանց լուրջ նախապատրաստման, եւ մինչ այսօր այդ գործիքը չի կարողանում օգտագործել գնաճը կառավարելու նպատակով: Փաստն այն է, որ Հայաստանում գնաճի վրա ազդող մյուս գործոններն ավելի ուժեղ են, քան վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Օրինակ` գնաճի տեմպը մեծապես կախված է բնակլիմայական գործոնից, որով էլ պայմանավորվում են գյուղմթերքների գները, կամ` միջազգային գներից, որով պայմանավորվում են ներմուծված ապրանքների գները, կամ` ԿԲ-ի կողմից դրամի էմիսիայի ծավալներից, որը գնաճի վրա ավելի ընդհանուր բնույթի ազդեցություն է թողնում:
Դատելով ԿԲ հաղորդագրությունից` վերաֆինանսավորման տոկոսադրույքը չի փոխվել առաջիկայի գնաճային ռիսկերը հաշվի առնելով: Իսկ գնաճային ռիսկերի առաջացման պատճառը դրամի արժեզրկումն է ամերիկյան դոլարի նկատմամբ: Ավելին` ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը ԿԲ-ի կողմից դիտարկվել է որպես դրամավարկային պայմանների թուլացում, մի պնդում, որը խիստ վիճարկելի է: Պետք է հաշվի առնել, որ դրամը թուլացած է միայն ԱՄՆ դոլարի նկատմամբ, սակայն պահպանել է իր կայունությունը մեր հիմնական առեւտրային գործընկերների արժույթների նկատմամ (եվրոյի եւ ռուբլու), ինչը էապես թուլացնում է փոխարժեքով պայմանավորված գնաճային ռիսկերը:
Պետք է հաշվի առնել նաեւ, որ համաշխարհային շուկայում հիմնական հումքային ու պարենային ապրանքների գծով ձեւավորվում է գնանկումային միջավայր: Իր հերթին ԿԲ-ն խոստովանել է, որ ներքին գների վրա նույնպես գնաճային ճնշումներ չկան` ոչ հարկաբյուջետային քաղաքականության, ոչ էլ մասնավոր ծախսումների կողմից:
Հետեւաբար` վերաֆինանսավորման տոկոսադրույքի պահպանումը կարելի է համարել խիստ վիճահարույց ու չհիմնավորված:
Սամվել Ավագյան




























