Ոստիկանության վետերանների հոգսերն ու խնդիրները մշտապես կառույցի ղեկավարության ուշադրության կենտրոնում են, միջոցներ են ձեռնարկվում դրանց լուծման համար, ծրագրեր են իրականացվում վետերանների սոցիալ-կենցաղային հոգսերը թեթեւացնելու ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ անդրադառնալով Միջազգային ոստիկանական ասոցիացիայի հայաստանյան մասնաճյուղի նախագահ Գրիշա Սարգսյանի այն դժգոհությանը, թե ներկա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եւ ոստիկանության վետերանների միջեւ համագործակցություն չկա, մինչդեռ նախկին ոստիկանապետի օրոք ակտիվ համագործակցել են, որը իրենց պահանջով ոստիկանությունում բացեց սոցիալական բաժին:
«Այսօրվա ոստիկանության ղեկավարները թող մտածեն, որ վաղն էլ իրենք են դառնալու վետերան եւ, որ վետերանին պետք է ուշադրության կենտրոնում ու կիզակետում պահել»,-ասել էր Գրիշա Սարգսյանը:
Մինչդեռ Աշոտ Ահարոնյանը հավաստիացրել է, թե բոլորովին վերջերս տեղի է ունեցել ոստիկանության վետերանների խորհրդի նախագահ, գնդապետ Գրիգոր Աբովյանի եւ ոստիկանության պետի հերթական աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ու կոնկրետ լուծում ստացել վետերաններին վերաբերող մի շարք հրատապ հարցեր:
«Համակարգի բոլոր նախկին ծառայողները վետերանների խորհրդին կարող են դիմել եւ նրանց որեւէ խնդիր ու հարցադրում ոչ միայն չի անտեսվի, այլեւ կյանքի կկոչվի հնարավորության սահմաններում»,-ասել է Աշոտ Ահարոնյանը:
Ի դեպ Ահարոնյանը նշել է, որ ոստիկանության համակարգի նախկին աշխատակիցներն անդամակցում են ոստիկանության վետերանների խորհրդին, որի նախագահը գնդապետ Գրիգոր Աբովյանն է: Մինչդեռ Գրիշա Սարգսյանը իր իսկ ստեղծված միության ղեկավարն է:
«Համակարգի բոլոր նախկին ծառայողները վետերանների խորհրդին կարող են դիմել եւ նրանց որեւէ խնդիր ու հարցադրում ոչ միայն չի անտեսվի, այլեւ կյանքի կկոչվի հնարավորության սահմաններում: Իսկ ինչ վերաբերում է տարատեսակ միությունների մեջ ընդգրկվելուն, ապա դա մեր քաղաքացիների, այդ թվում եւ ոստիկանության վետերանների իրավունքն է, ինչպես որ անհիմն հայտարարություններ ու ապատեղեկատվություն չտարածելը այդ շրջանակում գործողների եւ յուրաքանչյուրիս քաղաքացիական պարտքն է ու բարոյական պարտականությունը»,-եզրափակել է լրատվության վարչության ղեկավարը:




























