Մանկական մյուզիքլների գալա համերգը` հունիսի 7-ին

Երեւանում, հունիսի 7-ին` ժամը 14:00-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա «Հազարան բլբուլ» մանկապետանեկան երաժշտական բեմադրությունների մրցույթ-փառատոնի գալա համերգը, որի ընթացքում կհայտարարվեն հաղթողները եւ կհանձնվեն մրցանակները:

Ներկայացված 26 երաժշտական բեմադրություններից առանձնացվել է լավագույն եռյակը, սակայն լինելու են նաեւ հատուկ մրցանականեր` տարբեր անվանակարգերում:

Ընդհանուր առմամբ, փառատոնին մասնակցել են 625 երեխաներ, որոնք ինչպես արվեստի եւ երաժշտական կրթօջախների սաներ են, այնպես էլ հանրակրթական դպրոցների աշակերտներ:

Մրցույթ-փառատոնն անցկացվում է «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի կողմից` ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ: