Հայաստանի փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ այսօր` հունիսի 6-ին, Տարածքային կառավարման նախարարությունում տեղի է ունեցել խոհրդակցություն, որին մասնակցել են մարզպետներ, ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի, Ջրառ եւ Ջրօգտագործող ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարներ: NEWS.am-ին ՏԿՆ-ից հայտնեցին, որ քննարկվել են անխափան ոռոգման կազմակերպմանը վերաբերող հարցեր: Հաշվի առնելով, որ տարին սակավաջուր է, Ա. Գեւորգյանը ՋՕԸ ղեկավարներին առաջին հերթին հորդորել է առավելագույնս կազմակերպված ջրամատակարարում իրականացնել եւ ջուրը խնայողաբար մատակարարել ` միաժամանակ բավարարելով պահանջարկը: եւ չբացառելով, որ կարող են նաեւ ռեժիմային փոփոխություններ լինել եւ որոշ համայնքներում անցնել գիշերային ոռոգման:
Նա ներկաների ուշադրությունը հրավիրել է այս տարի ջրամբարներում կուտակված ջրի ծավալների վրա. մասնավորապես` այս պահի դրությամբ Ախուրյանի ջրամբարում կուտակվել է 437 մլն խմ ջուր` նախորդ տարվա համեմատ 100 մլն խմ-ով պակաս, Ազատի ջրամբարում` 63 մլն խմ` անցած տարվա 70 մլն խմ-ի դիմաց, Ապարանի ջրամբարում` 33 մլն խմ ` նախորդ տարվա 90 մլն խմ-ի դիմաց: Ըստ Ա. Գեւորգյանի` ջրի նույն պահանջարկի պահպանման պարագայում Սեւանից լրացուցիչ քանակություն վերցնելու անհրաժեշտություն կառաջանա: Այդ իսկ պատճառով ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեն նախատեսում է հանդես գալ Սեւանից ջրբացթողումը 2012թ-ին մինչեւ 320 մլն խմ դարձնելու առաջարկով:
Թեեւ հավաքագրումների այս տարվա ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մոտ 100 մլն դրամով ավելի է, սակայն դա հասույթի ընդամենը 39 տոկոսն է կազմում: Միաժամանակ Ա. Գեւորգյանը ՋՕԸ-երի ղեկավարներին հորդորեց բացառել ընկերությունների նախահաշիվներում նախատեսված ծախսերի ավելացումը:
Ա. Գեւորգյանը նաեւ տեղեկացրեց, որ քայլեր են ձեռնարկվում ջրամբարային շինարարության ակտիվացման ուղղությամբ` հաշվի առնելով երկրի համար ջրային պաշարների կուտակման կարեւորությունը: Խորհրդակցության ընթացքում իրենց տարածքներում առկա խնդիրները ներկայացրել են նաեւ ՋՕ ընկերությունների ղեկավարները:




























