«Մենք մերոնցով» թերթի խմբագիր 51-ամյա Ալվարդ Աբրահամյանի եւ նրա ամուսնու` 56-ամյա Յուրիկ Սրաբյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է եւ այն ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ սպանությունը կատարել է Վաղարշակ Աբաջյանը:

Ըստ ձեռք բերված ապացույցների` Վ. Աբաջյանը Ալվարդ Աբրահամյանին, նրա միջոցով նաեւ` վերջինիս մտերիմներին խաբել է` իբր նրանց համար կարող է շուկայական ցածր գներով բնակարաններ ձեռք բերել Երեւանում:

Չարաշահելով Ա. Աբրահամյանի եւ նրա մտերիմների վստահությունը` Վ. Աբաջյանը խաբեության միջոցով 2011թ. ամռանը  խարդախությամբ հափշտակել է ընդհանուր առմամբ 9.936.000 ՀՀ դրամին համարժեք 27.000 դոլար եւ խոստացել է մինչեւ 2011թ. սեպտեմբերի 2-ը կատարել իր պարտավորությունները, այն է` լուծել բնակարանների ձեռք բերման հարցը: Վ. Աբաջյանը որոշել է սպանել Ա. Աբրահամյանին եւ նրա ամուսնուն:

2011թ օգոստոսի 31-ին` ժամը 15:00-ի սահմաններում, հայր եւ որդի Աբաջյանները Յ. Սրաբյանին ավտոմեքենայով առեւանգել եւ տեղափոխել են Գեղարքունիքի մարզի Բերդկունք գյուղի` Սեւանա լճի հարեւանությամբ գտնվող կիսակառույց շինության տարածք, որտեղ Աբաջյաններ հայր ու որդին ծեծելով սպանել են Յ. Սրաբյանին, որից հետո դիակից հանել են հագուստները, դին գցել նշված շինության մոտ գտնվող փոսի մեջ եւ քարերով ծածկել:

Նույն օրը` ժամը 20:00-ի սահմաններում, Վ. եւ Հ. Աբաջյանները, Երեւանի Արշակունյաց 2 հասցեում գտնվող «Մամուլի» շենքի մոտից խաբեությամբ, Յ. Սրաբյանի մոտ տանելու պատրվակով, Ա. Աբրահամյանին տեղափոխել են Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի տարածք եւ պարանով խեղդելու եղանակով սպանել են նրան` դին գցելով աղբով լցված փոսի մեջ:

2011թ. սեպտեմբերի 4-ին Վ. եւ Հ. Աբաջյանները, տարբեր խանութներից գնելով ցեմենտ, ավազ, տարել են Գեղարքունիքի մարզի Բերդկունք գյուղ, որտեղ պատրաստել են բետոնե շաղախ եւ այն լցրել Յ. Սրաբյանի դիակի վրա, այնուհետեւ քարերով եւ հողով ծածկել, որպեսզի դին չհայտնաբերվի:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Վ. Աբաջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 7-րդ, 8-րդ եւ 11-րդ կետերով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ եւ 7-րդ կետերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 38-338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Հ. Աբաջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 7-րդ, 8-րդ եւ 11-րդ կետերով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ եւ 7-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով: