Երեւանի քաղաքի երաժշտական եւ արվեստի դպրոցների 5-րդ մրցույթ-փառատոնը, հունիսի 9-ին, ամփոփվել է գալա-համերգով: Մայիսի 8-21-ին, անցկացված մրցույթին մասնակցել Է Երեւանի երաժշտական եւ արվեստի 25 դպրոցների 2000 աշակերտ: Մրցույթ-փառատոնն անցկացվել է մեկ փուլով՝ դաշնամուր, լարային նվագարաններ, կիթառ, փողային եւ հարվածային ժողովրդական գործիքներ, դասական եւ ժողովրդական մեներգեցողություն, երգչախումբ, համույթներ, սոլֆեջո-թելադրություն, երաժշտական գրականություն առարկաների անվանակարգերում:

Արդյունքում, սահմանված «Լավագույն տասնյակ» մրցակարգը գլխավորում է Երեւանի քաղաքապետարանի Սայաթ-Նովայի անվան  երաժշտական դպրոցը, 2-րդ տեղում է Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոցը, 3-րդ տեղում՝  Ղ. Սարյանի անվան երաժշտության եւ արվեստի դպրոցը:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից` Երեւանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը մրցույթ-փառատոնի ժյուրիի նախագահ, ՀՀ Երաժշտական ընկերության նախագահ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի դեկան, մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Դավիթ Ղազարյանին պարգեւատրել է Երեւանի քաղաքապետի Ոսկե մեդալով:

Լավագույն տասնյակում ընդգրկված բոլոր դպրոցները, հավաստագրերից բացի, ստացել են նաեւ դրմական պարգեւներ՝ ըստ մրցութային տեղերի: