Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու հունիսի 12-ին, կայացած մրցույթը, որում հաղթել է Գայանե Գասպարյանը, հակաօրինական է: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը:
«Այս ընտրությանը վերաբերում եմ որպես պարոն Աշոտյանի հայաօրինական գործունեության շարունակության, ինչպես իմ նկատողությունների, հեռացման մասին հրամանները: Ովքեր մասնակցում են, դառնում են այդ հակաօրինակության մեղսակիցներ»,- նշեց նա:
Սուրեն Զոլյանը նաեւ տեղեկացրեց, որ այդ մրցույթում խախտվել են Կառավարության որոշման մի շարք դրույթներ, մասնավորապես՝ ռեկտորի ընտրությանը պետք է մասնակցեին ոլորտում հայտնի մասնագետներ: Խախտվել է նաեւ ուսանողների մասնակցության մասին դրույթը, քանի որ ընտրությանը մասնակցած ուսանողներից չորսն ավարտել են համալսարանը եւ ուսանող չեն:
«Այդ մրցույթին մասնակցած տասը հոգին առնվազն իրավունք չունեին մասնակցելու դրան»,- ասաց նախկին ռեկտորը:
Հարցին, թե իր կարծիքով ինչպիսի ռեկտոր կլինի Գայանե Գասպարյանը, Սուրեն Զոլյանը պատասխանեց, որ ռեկտոր ընտրվելուց հետո Գ. Գասպարյանը ռեկտորի կաբինետ մտնելուց հետո խունկ է վառել, որպեսզի «չար ոգին հեռանա» եւ առհասարակ, խունկ են վառել այն բոլոր անձանց սենյակներում, որոնք դիմում են գրել եւ հեռացել աշխատանքից:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ապրիլի 6-ին ԵՊԼՀ -ի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կիրառվել էր կարգապահական տույժ՝ խիստ նկատողության տեսքով:
Նկատողության պատճառը եղել է այն, որ Սուրեն Զոլյանը հրաժարվել է կատարել իր վերադասի հանձնարարականը, երկրից բացակայել է առանց հարգելի պատճառի` իր պարտականությունները բավարար չափով չկատարելով: Ի պատասխան Զոլյանը դիմել էր դատարան:
Առաջին նկատողությանն ապրիլի 17-ին հետեւել է երկրորդը, այնուհետեւ նախարարի հրամանը` Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ի ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցնելու եւ 2008թ.մարտի 17-ի թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին:
Այդ կապակցությամբ ապրիլի 18-ին ԵՊԼՀ-ի ուսանողները Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության շենքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել:
Նույն օրը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել էր ԵՊԼՀ-ի ուսանողներին եւ կրթության եւ գիտության նախարարի հետ հստակեցումներ կատարել Զոլյանի հեռացման կապակցությամբ:
Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի կրթության եւ գիտության նախարարը գործել է օրենքի շրջանակում, եւ որ այդ հարցը կփորձեն վերածել քաղաքական շահարկումների առարկայի:
Այս դեպքերից հետո ԿԳՆ մրցույթ էր հայտարարել Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար եւ ստացել էին երկու դիմում` բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Վաղարշակ Մադոյանից եւ ներկայումս բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գասպարյանից:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























