Արեւելյան գործընկերության «Մշակույթ» ծրագրի շրջանակում իրականացվող «Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության զարգացման» նախագիծը հունիսի 15-ին պաշտոնապես կմեկնարկի նաեւ Հայաստանում:
Նախագծի նպատակն է տարածաշրջանային համագործակցության միջոցով բարելավել ժառանգության միջավայրը եւ հասնել ժառանգության սեկտորի լավագույն կառավարմանը, ինչպես նաեւ ԱԳ տարածաշրջանում դրա տեւական պահպանությանը` մշակութային ժառանգությունն ինտեգրելով տնտեսական զարգացման մեջ: Նախագծի հատուկ նպատակներն են`
- ազգային քաղաքականության զարգացում հանուն ժառանգության
- ժառանգության սեկտորի շահառուների համար կարողությունների կառուցում` ժառանգության դերը կայուն տնտեսական զարգացման մեջ ամրապնդելու նպատակով
- տարածաշրջանային համագործակցության խրախուսում Արեւելյան գործընկերության տարածաշրջանի եւ Եվրամիության երկրների միջեւ փորձի փոխանակման միջոցով
- աջակցություն քաղաքացիական հասարակությանը` ծրագրերի կազմման եւ որոշումներ կայացնելու գործընթացներում ներգրավելու միջոցով:
Նախագիծն իրականացվելու է Վրաստանում (ԻԿՕՄՕՍ/Վրաստան, գլխավոր գործընկեր), Հայաստանում (ԻԿՕՄՕՍ/Հայաստան, գործընկեր) եւ Ուկրաինայում (ՙArchitectura I Prestizh՚, գործընկեր)` Արեւելյան գործընկերության տարածաշրջանի 6 երկրների հետ համագործակցությամբ: Նախագծի գործընկեր է նաեւ Մշակութային ժառանգության նորվեգական տնօրինությունը, մասնակցային գործընկերներն են «Կովկասյան միջավայր» հասարակական կազմակերպությունը` Վրաստանում, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը` Հայաստանում եւ Հուշարձանների պահպանության գիտահետազոտական ինստիտուտը` Ուկրաինայում: Նախագծին աջակցում են Վրաստանում Լեհաստանի դեսպանությունը եւ Բրիտանական խորհուրդը:
Նախագծի շնորհանդեսը Հայաստանում տեղի կունենա 2012թ. հունիսի 15-ին, ժամը 16:00-ին` «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում:




























