32 տարեկան հասակում սրտի կաթվածից մահացել է հոլիվուդյան դերասանուհի Բրիտանի Մերֆին։ Դերասանուհու մարմինը կիրակի լոգարանում հայտնաբերել է նրա մայրը։ Տեղ հասած բժիշկները չեն կարողացել վերակենդանացնել նրան։ Մահը վրա է հասել դեկտեմբերի 20-ին՝ ժամը 10։04 րոպեին, Լոս Անջելեսի հոսպիտալներից մեկում։ Ամերիկյան ԶԼՄ-ների տեղեկացմամբ Լոս Անջելեսի ոստիկանությունը մտադիր է հետաքննություն անցկացնել Բրիտանիի մահվան հանգամանքները պարզելու համար։
Դերասանուհի եւ պրոդյուսեր Բրիտանի Մերֆին ծնվել է 1977թ. նոյեմբերի 10-ին Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում։ Կինոյում առաջին անգամ նկարահանվել է 1984թ., իսկ նրա մասնակցությամբ վերջին ֆիլմը եղել է «Մեղքերի քաղաք 2» -ը, որը կցուցադրվի 2011-ին։
Դերասանուհուն հռչակ են բերել «Ընդհատված կյանք», «Մեղքերի քաղաքը», «Դրայվ», «Ոչ մի բառ մի ասա», եւ «Ութերորդ մղոն» ֆիլմերը։




























