Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պատրաստ է մասնակցել խաղաղարար առաքելությանը ղարաբաղյան հակամարտության գոտում: Այդ մասին «Ռեգնում» գործակալությանը հայտնել է ՀԱՊԿ շրջանակներին մոտ կանգնած անանուն աղբյուրը: Ըստ աղբյուրի` ՀԱՊԿ դրոշի ներքո հնարավոր գործողությունը միակ հնարավորն է, քանի որ արեւմտյան ուժերի տեղակայումը բացասական հակազդեցություն կառաջացնի, այդ թվում նաեւ Իրանի կողմից:

«Ղարաբաղյան հակամարտությունը բավական բարդ է՝ կապված մի շարք պետությունների շահերի հետ: Բացի դա, այն էթնիկական հակամարտություն է՝ կրոնական հակամարտության տարրերով: ՀԱՊԿ-ն իր մեջ ներառում է թե քրիստոնեական, թե մահմեդական պետություններ, ինչը պակաս կարեւոր չէ: ՀԱՊԿ-ն միակ ռազմաքաղաքական կառույցն է, որ կարող է արդյունավետորեն խաղաղություն պահպանել Լեռնային Ղարաբաղի շուրջ: Առավել եւս, որ Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունները վերջին շրջանում կտրուկ լավացել են»,- ասել է փորձագետը: