Հայաստանում առաջին անգամ մինչեւ հունիսի վերջ կստեղծվի Միջազգային կրկեսային գործիչների միություն, որի անդամ կարող են դառնալ ցանկություն հայտնող մտավորականներ, արվեստագետներ, կրկեսային գործիչներ եւ այլն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  «Երեւանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը, ով կլինի նաեւ կրկեսայն գործիչների միության ղեկավարը:

«Կրկեսային գործիչները կունենան իրենց միությունը, որի նպատակն է զարկ տալ կրկեսային արվեստի զարգացմանը, կրկեսային արժեքների պահպանմանը, կրկեսային արվեստի ճիշտ մատուցմանը, մենք կունենանք խորհուրդ, որտեղ կընդգրկվեն լավագույն մասնագետները»,- ասաց նա:

Նրա փոխանցմամբ` Հայաստանի կրկեսային գործիչները սփռված են աշխարհով մեկ, նրանց թիվը անցնում է 500-600-ից: Սոս Պետրոսյանի կարծիքով` կրկեսը միջազգային արվեստ է եւ ստեղծվելիք միությանը կարող են անդամակցել նաեւ միջազգային մասնագետներ, ինչպես օրինակ ինքն է անդամակցում Ռուսաստանի կրկեսային գործիչների միությանը:

Կրկեսային գործիչների միությունը կունենա կանոնադրություն, կմշակի ծրագիր: Միության առաջին գործը կլինի 2013թ արդեն վերանորոգված կրկեսի բացման արարողությանը պատրաստվելը, կնախապատրաստվեն 2014թ Լեոնիդ Ենիգիբարյանի անվան կրկեսային մրցույթ կազմակերպելուն:

Նա նաեւ տեղեկացրեց, որ  Երեւանի կրկեսի`  2011թ սեպտեմբերին սկսված եւ 2013թ հոկտեմբերին ավարտվելիք վերանորոգման աշխատանքներն ընթանում են ինտենսիվ ձեւով` նախատեսվածի պես: Հնարավոր է` դրանք ավարտվեն մինչեւ 2013թ տարեվերջ, քանի որ այն բարդ շինություն է եւ պետք է ուսումնասիրեն նաեւ դրսի փորձը:

Այժմ ընթացող վերանորոգման աշխատանքների պատճառով կրկեսի  մոտ 10 կենդանիներին շարունակում են պահել Դավիթաշենում գտնվող ձիարշավարան: Փորձերը կայանում են, ստեղծվել են կրկեսային խմբեր, որոնք ներկայացումներ են ունենում մարզերում, իսկ շուտով կմեկնեն նաեւ սահմանին գտնվող եւ ադրբեջանական դիվերսիաների ենթարկված զորամասեր, որպեսզի ոգեշնչեն զինվորականներին:

Նշենք, որ կրկեսի շենքը հիմնադրման օրվանից՝ 1962 թվականից հետո չի վերանորոգվել:

Հիշեցնենք, որ Մշակույթի նախարարության հովանու տակ գործող Պետական կրկեսի գույքը 2005թ գնահատվել է 408 մլն 821 հազար դրամ եւ օտարվել մրցույթով: Հայտ ներկայացրած Կրկեսի կոլեկտիվը` Սոս Պետրոսյանի գլխավորությամբ, 150 մլն դրամով սեփականաշնորհել է Երեւանի կրկեսը: