Լոռիի մարզի Լոռի Բերդ համայնքում խնդիրները շատ են, լուծումները` քիչ. կարեւորագույն խնդիրների շարքում բնակիչները դասում են ջրի հարցը ու արոտավայրերի բացակայությունը: Գյուղը թեեւ ջրամատակարարում ունի, սակայն կա խմելու ջրի ներքին ցանցի խնդիր, որի պատճառով ջուրը ժամանակ առ ժամանակ վատ որակի է մատակարարվում, բնակիչների փոխանցմամբ, վերջերս գյուղում բոլորը տարբեր ինֆեկցիաներով են վարակվել: «Մեզ համար ավելի լավ է բնական, գետնի տակից բխող ջուր խմենք, քան իրենց տվածը»,--NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում պատմեցին գյուղացիները, նշելով, որ 3 օրը մեկ են ջուր տալիս, ինչը այս շոգ օրերին անթույլատրելի է:
«Գյուղում հաճախ են գրանցվում նաեւ կարկտահարության դեպքեր, բնակիչները դժգոհում են, որ այսքան տարի համապատասխան մարմիններից միայն եկել ու վնասի չափ են պարզել, իսկ փոխհատուցման խոստումները մնացել են օդից կախված»,-NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում ասաց Լոռի Բերդի բնակիչ 78 ամյա Վաչիկ Պապիկյանը, հավելելով, որ գյուղի հիմնական զբաղվածությունը մնացել է անասնապահությունը: Դաշտավարությամբ գյուղում չեն զբաղվում: «Մենք բոլորովին արոտավայր չունենք, երկրաշարժից հետո մեր հողամասերը վերցրել են շինարարության տակ, մի մասում կառավարության որոշմամբ է արգելված անասուններ տանել, մի մասում էլ ագարակցիք եկել քարհանք են բացել, թույլ չեն տալիս տանենք»,-ասաց նա:
Գյուղացիների պատմելով, գյուղից հեռու են գտնվում նաեւ խոտհարքները, ինչը լուրջ խոչընդոտներ է ստեղծում համայնքում անասնապահությունը զարգացնելու գործում:
«Էսօր անասնապահությամբ զբավելն էլ արդեն եկամտաբեր չէ, խոտհարքները հեռու են, կաթի մեկ լիտրը մթերում են 90 դրամով, մենք էլ շատ ժամանակ չենք վաճառում, տալիս ենք խոզերին, իսկ 1 լիտր «Ջերմուկ» գնելու համար պետք է 3 լիտր կաթ վաճառենք, ինչը շատ սխալ է»,-ասաց 60-ամյա Ասպետ Մարտիրոսյանի փոխանցմամբ, պետական ուշադրություն գյուղին ու գյուղացուն մեղմ ասած չկա. «Ապրի, ոնց ուզում ես»:
NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արսեն Մելիքյանը նախ զարմացավ, լսելով, որ իրենց գյուղում խնդիրներ կան, այնուհետեւ նշեց, որ արոտավայրեր կան, պարզապես գյուղացիները «ալարում են» մի քիչ հեռու տանել անասուններին:
Անդրադառնալով ջրի խնդրին, նանշեց, որ կա ներքին ցանցի խնդիր, առաջացել էր վթար, այժմ այն վերացել է: «Գյուղացին էսօր ահագին ջրի պարտք ունի, ամեն ինչի վրա գումար ա ծախսում, բացի ջրի վարձը վճարելուց»,-ասաց նա:
Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի



























