Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներն այսօր` հունիսի 22-ին, այցելել են «Սիվիլիթաս» հիմնադրամ եւ պահանջել Հիմնադրամի ֆինանսական գործունեության փաստաթղթերը հիմնադրման օրվանից՝ 2008 թվականի մայիսից:

«Պետեկամուտների կոմիտեի պահանջին զուգահեռ՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի անդամները հրավիրվել են Ազգային անվտանգության ծառայություն՝ ցուցմունք տալու գալիք շաբաթվա ընթացքում»,-ասված է «Սիվիլիթաս» հիմնադրամի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԱԾ քննչական վարչությունը մայիսի 25-ին հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով քրեական գործ է հարուցել, որի հետ կապված շոշափվում է «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի անունը։

Քրեական գործը հարուցվել է մայիսի 24-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ իշխող Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կազմելուց հրաժարվելու մասին հայտարարությունից 1 օր հետո։

Այս առնչությամբ Օսկանյանը Facebook-ի իր էջում գրել էր. «ԱԱԾ տարածած հաղորդագրության բովանդակությունից ակնհայտ էր, որ հարուցված քրեական գործի շրջանակում ես հարցաքննվում եմ ոչ թե որպես վկա, այլ՝ կասկածյալ: Սա նկատի ունենալով՝ ես որոշեցի օգտվել իմ սահմանադրական իրավունքից եւ ցուցմունք չտալ»: Նահայտարարել է, որ սա քաղաքական հետապնդում է: