Տավուշի մարզի մի շարք գյուղերի համար կարկտահարությունը համարվում է խաղողագործության թիվ մեկ թշնամին. «Մեր գյուղը միշտ կարկուտից տուժել է, մայիսից սկսած, մինչեւ սեպտեմբեր ամիս բնական աղետներն անկանխատեսելի են»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Այգեհովիտ համայնքի ղեկավար Լեւոն Գրիգորյանը, հավելելով, որ 3700 բնակիչ ունի Այգեհովիտ համայնքի հիմնական զբաղվածությունը հողագործությունն ու անասնապահությունն է, գյուղն ունի 103 հա խաղողի այգիներ:
«Եթե մենք ապրում ենք գյուղում ու դեռ ապրելու ենք, առաջին հերթին պետք է գյուղատնտեսությունը զարգացնենք, հողերը դարձնենք ոռոգելի, այսօր գյուղացու միակ եկամուտը հողն է, պետք է երկարաժամկետ վարկեր տրամադրվեն, պայմաններ ստեղծվեն: Չի լինի, որ գյուղում բոլորը գյուղատնտեսությամբ զբաղվեն, ուղղակի պետք է անել այնպես, որ ամեն մի թիզ հողը մշակվի»,- ասաց նա:
Լեւոն Գրիգորյանի փոխանցմամբ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի օգնությամբ գյուղի գրեթե բոլոր այգիները առաջիկայում կդառնան ոռոգելի, մնում է ոռոման համակարգի պաշտոական բացումն իրականացվի. «Առանց արհեստական ոռոգման մենք խնդիրներ չենք կարող լուծել»: Այգեհովիտ համայնքին լուրջ աջակցություն է ցուցաբերում նաեւ կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը, որը խաղողագործներին ամեն տարի առանց կանխիկ գումարի տրամադրում է թունաքիմիկատներ, սրսկիչ սարքավորումներ, որպեսզի աշնան նորմալ բերք ստանան, հանձնեն գործարանին ու եւ իրենք օգուտ ունենան, եւ մթերող կազմակերպությունը, որի համար այգեհովիտցիները գյուղապետի գլխավորությամբ շնորհակալ են գործարանին իրենց ցուցաբեվող նման աջակցության համար: Գյուղապետի վստահեցմամբ, այս տարի խաղողի առատ բերք է սպասվում, եթե իհարկե կարկուտը չվնասի այն:
Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի



























