Քիչ առաջ բարեհաջող ավարտվել է հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանի վիրահատությունը: Վիրահատությունից հետո նրան ժամանակավորապես տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ թիվ 1 համալսարանական կլինիկայից:  Իսկ Թաթա Սիմոնյանի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի առողջական վիճակը մասին թիվ 1 համալսարանական կլինիկայից դեռեւս տեղեկություններ չեն հաղորդում` պատճառաբանելով, թե լրատվական բաժինն է իրավասու նրա առողջական վիճակի մասին տեղեկություն տրամադրել, սակայն  վաղ առավոտից բաժնի հեռախոսը չի պատասխանում հեռախոսազանգերին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Նալբանդյանի եւ Արամի փողոցների խաչմերուկում հունիսի 22-ին՝ ժամը 01.35-ի սահմաններում վթարի ենթարկված պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի եւ հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանի առողջական վիճակը միջին ծանրության է: Այս մասին հունիսի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտնել էր թիվ մեկ համալսարանական կլինիկայի բժիշկ Իրինա Մալխասյանը: «Նրանք թիվ 1 համալասարանական կլինիկա են տեղափոխվել հետտրավմատիկ շոկով, այժմ գտնվում են պարզ գիտակցության մեջ, վիճակը կայուն է: Նրանց երկուսի մոտ էլ կան կոտրվածքներ` կոնքոսկրի, պարանոցի եւ ողերի: Գրիգոր Նազարյանի մոտ կան նաեւ ավելի բարդ կոտրվածքներ»,-ասել էր նա, հավելելով, որ հիվանդները շարունակում են դինամիկ հետազոտությունները եւ ակտիվ բուժման փուլում են:

Վթարը տեղի էր ունեցել Երեւանի Նալբանդյանի եւ Արամի փողոցների խաչմերուկում հունիսի 22-ին՝ ժամը 01.35-ի սահմաններում, դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «Оպել» մակնիշի 30 ՏԼ 173 համարանիշի եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի 14 ՏՕ 811 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Ֆոլքսվագեն»-ի վարորդ` 41-ամյա Գրիգոր Նազարյանը եւ ուղեւոր՝ 41-ամյա Մարկ Սաղաթելյանը տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց: NEWS.am-ի տեղեկություններով, Մարկ Սաղաթելյանը վերջերս է վերադարձել Մոսկվայից: