Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 22-ին ՀՀ Նախագահի նստավայրում ընդունելության էր հրավիրել Հայաստանի գործարար համայնքի հարյուրից ավելի ներկայացուցիչների:

Շնորհավորելով հրավիրյալների գալիք Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը` Հանրապետության նախագահն ասել է. «Անցնող տարին մեր տնտեսության համար բարդ եւ խնդիրներով լի ժամանակահատված էր: Ձեզնից յուրաքանչյուրը ստիպված է եղել ոչ միայն պայքարել անբարենպաստ տնտեսական միջավայրի բերած խնդիրների դեմ, այլեւ լուծումներ փնտրելիս անընդհատ հաշվի առնել մարդկային գործոնը` գիտակցելով աշխատակիցների եւ նրանց ընտանիքների հանդեպ սոցիալական պատասխանատվությունը: Գիտեմ, որ որոշումները, որոնք դուք կայացրել եք, միշտ չէ, որ բխել են գործարարության, բիզնեսի դասական կանոններից: Հաճախ է եղել, որ որոշումները կայացվել են ոչ թե հօգուտ բիզնեսի արագ զարգացման, այլ հօգուտ մարդկանց, ձեր աշխատակիցների` հնարավորինս առաջնորդվելով աշխատատեղեր չկրճատելու տրամաբանությամբ»:

Սերժ Սարգսյանը նշել է, որ շատ լավ պատկերացնում է այդ ամենը. «Արդյունքում, համատեղ ուժերով, կառավարության հետ համագործակցելով, մենք կարողացանք խուսափել ամենավատթարագույնից` սոցիալական ցնցումներից, սոցիալապես առավել անապահով խավի վրա բացասական մեծ ազդեցությունից»:

Ըստ Սարգսյանի՝ կարելի է արձանագրել, որ Հայաստանում կայանում է գործարարների այն խավը, որի «նպատակադրումը ոչ թե այսրոպեական շահույթներ կորզելն է, այլ երկարաժամկետ ու ծանրակշիռ գործարար ձեռագիր կերտելը: Հենց գործարարների նման խավն է ցանկացած երկրի ու նրա հոգսերի կարեւորագույն հենարանը»:

«Այո, տնտեսական ցուցանիշների անկում արձանագրել ենք, մեծ անկում, որի չափերը, չեմ կարծում, թե դեկտեմբեր ամսին կտրուկ կնվազեն, բայց նոր ուղիների որոնումների կամ նախագծերի մշակման նվազում չենք արձանագրել: Արդյունքում, ֆինանսատնտեսական ճգնաժամի բերած աննախադեպ անկումը դանդաղ, բայց հաստատապես նահանջում է»,- ասել է նախագահն ու հավելել. «Վերջին ամիսների մակրոտնտեսական զարգացումները եւ տնտեսության կայունացման միտումները մեզ հիմք են տալիս ավելի վստահ կանխատեսել 2010 թվականի երկրի տնտեսության զարգացման հեռանկարները»:

Սերժ Սարգսյանը նշել է նաեւ, որ գալիք տարին լինելու է համառ աշխատանքի տարի: «Այն պետք է լինի իսկապես արագ վերականգնման տարի: Ես կարծում եմ՝ ե՛ւ կառավարությունը, ե՛ւ նախագահի աշխատակազմը կձեռնարկեն բոլոր միջոցները, որպեսզի 2010 թվականը դառնա իրոք վերականգնման տարի»,- նշել է Սերժ Սարգսյանը՝ հաջողություններ մաղթելով հայ գործարարներին: