Քաղաքապետի աշխատանքը ոչ մեկի մոտ չի ավարտվում: Այս մասին, այսօր` հունիսի 28-ին, կառավարության նիստից հետո լրագրողներին հետ ճեպազրույցում ասել է Երեւանի նախկին քաղաքապետ, այժմ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ անդրադառնալով իր պաշտոնափոխությանը:

«Երեւի չգիտեք, թե քաղաքապետն ինչ պաշտոն է, քաղաքում աշխատանքները երբեք չեն ավարտվում, քաղաքապետի աշխատանքը՝ նույնպես, պետք է լինեն շարունակական, յուրաքանչյուր քաղաքապետ պետք է շարունակի նախորդի լավ արածները եւ վերացնի վատ արածները»,-ասաց նա:

Հարցին, թե ո՞ր պաշտոնն է իրեն հոգեհարազատ, Բեգլարյանը պատասխանեց. «Ես ուզում եմ իմ Հայաստանի, իմ պետության համար օգտակար լինել, աշխատել, անկախ նրանից, որ ոլորտում կլինեմ»:

Լրագրողների այն դիտարկմանը, թե իր մտերիմներն ասում են, թե դարձյալ հավակնում է քաղաքապետի պաշտոնին, Բեգլարյանը հակադարձեց. «Ո՞վ է ասում: Կարող եմ իմանալ էդ մտերիմների անունները, երբ իմանամ էդ մտերիմների անունները, նոր կասեք»:

Հարցին, թե Տարոն Մարգարյանին համարո՞ւմ է արժանի իրավահաջորդ, նա արձագանքեց. «Տարոն Մարգարյանն իրականում արժանի քաղաքապետ է»:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի