Ադրբեջանի Հանրապետությունում այսօր՝ դեկտեմբերի 23-ին, տեղի ունեցող տեղական ինքնակառավարման մարմիններում նկատվում է ընտրողների նվազ ակտիվություն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ տեղի ժամանակով ժամը 17։00-ին, այսինքն ընտրատարածքների փակումից ընդամենը երկու ժամ առաջ, իրենց քաղաքացիական պարտքը կատարել են ընտրողների ընդամենը 28,51%-ը։ Բռնատիրական ադրբեջանական պետության համար սա շատ ցածր ցուցանիշ է եւ վերջին տարիների ընթացքում նման ցուցանիշ երբեք չի գրանցվել։

Համեմատաբար ավելի շատ ընտրողների ակտիվություն նկատվել է Նախիջեւանի ինքնավար հանրապետությունում, որտեղ քվեարկել է ընտրողների շուրջ 40 տոկոսը։ Սակայն, չնայած այս պաշտոնական թվերին, Բաքվի կենտրոնական հեռուստաընկերությունները ներկա պահին եթեր են հեռարձակում նյութեր՝ ընտրողների ակտիվ մասնակցության վերաբերյալ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդդիմության ներկայացուցիչների կողմից ստացել է մի քանի տասնյակ բողոքներ, սակայն դրանք անհիմն համարելով՝ հրաժարվել է քննել։