Հայտնի երգչուհի Մադոննայի Գյոթեբերգում կայանալիք համերգի գամար երաժշտական սարքավորումներ տեղափոխող հսկա բեռնատարը ավտովթարի է ենթարկվել, վնասելով եւս երեք մարդատար մեքենաների, մեկ մարդ տուժել է:

Տեղի ոստիկանության փոխանցմամբ, ավտովթարը տեղի է ունեցել մեքենաշատ մայրուղում, պիկ ժամին:

Հսկա բեռնատարն անսպասելիորեն շրջվել է, թռել բաժանարար արգելապատնեշի վրայով եւ բախվել մի քանի մարդատար մեքենաների: Երթեւեկությունն այդ հատվածում վայրկենապես խցանվել է:

Իշխանությունների տվյալներով, մեկ մարդ վնասվածք է ստացել, սակայն չի նշվում` դա բեռնատարի վարո՞րդն է եղել, թե` տեղի բնակիչ:

Վթարի պատճառներն ու հասցված վնասի չափը ճշտվում է, հաղորդում է Life News-ը:

Մադոննան Գյոթեբերգում պետք է ելույթ ունենա հուլիսի 4-ին: Նրա ներկայացուցիչները որեւէ կերպ չեն մեկնաբանում համերգի չեղյալ հայտարարելու մասին լուրերը: