Արեւմտյան երկրները, մասնավորապես ԱՄՆ-ն, ակտիվ փորձեր են ձեռնարկում Ռուսաստանին համոզելու քաղաքական ապաստան տալ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Այդ մասին գրում է «Կոմերսանտը»` հղում անելով ռուսական դիվանագիտական  աղբյուրին: 

Սակայն Ռուսաստանը չի պատրաստվում ապաստան տրամադրել Ասադին:

Ռուսաստանի նախագահի աշխատակազմի աղբյուրները հրատարակչությանը հայտնել են, որ Ռուսաստանը «չի պաշտպանում Ասադին»: Ռուսաստանը դեմ չէ սիրիական ընդդիմությանը, սակայն դեմ է ռազմական արտաքին միջամտությանը:

Հրատարակչությունը գրում է, որ ռուսական իշխանությունները հուսով են, որ նախագահի պաշտոնից հեռանալու մասին կպայմանավորվեն սիրիացիները:

Սակայն դեռեւս հայտնի չէ, թե սիրիական ընդդիմությունից ում հետ ռուսական իշխանությունը կարող է բանակցություններ վարել: Իրադրությունը կարող է փոխվել Միշել Կիլոյի գլխավորած սիրիական ընդդիմության պատվիրակության Մոսկվայում կայանալիք  այցելության օրերին: Հենց Կիլոն կարող է դառնալ այն ֆիգուրը, որի շուրջ կհամախմբվի սիրիական ընդդիմությունը:

Եթե Բաշար Ասադն այնուամենայնիվ որոշի թողնել նախագահի պաշտոնը, Ռուսաստանը կարող է նրան ապաստան տալ, «եթե հասկանա, որ Արեւմուտքը պատրաստ չէ սիրիական առաջնորդին եւ նրա ընտանիքին անվտանգության երաշխիքներ տալ», թերթին հայտարարել են փորձագետները: Նրանք չեն բացառել, որ Ասադն ապաստան կարող է ստանալ անգամ Բելառուսում: