Հայկական ծագում ունեցող Թուրքիայի քաղաքացին, ով  ֆինանսական խնդիրների պատճառով թաղվել էր մահմեդական գերեզմանոցում, կվերաթաղվի  հայկական գերեզմանոցում այն բանից հետո, երբ կավարտվեն բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը: Այս մասին հայտնում է  թուրքական  «Hürriyet Daily News»:

Հիշեցնենք, որ 85-ամյա  Հարություն Կամպարիսիօղլուն մահացել էր հունիսի 17-ին, հայտնել էր  «Ակոս» շաբատաթերթը անցած շաբաթ: Սկյութարի Սուրբ Կարապետ  եկեղեցու հիմնադրամը հավանություն էր տվել Կամպարիսօղլուի թաղմանը իսլամական  ավանդույթների համաձայն, քանի որ  նրա աղջիկը` Աննա Թաշչյանը չէր կարողացել մուծել թաղման համար անհրաժեշտ 8000 թուրքական լիրա:

Հայկական պատրիարքարանը հայտարարել է, որ չի իմացել կատարվածի մասին:  «Եթե մենք իմանայինք իրավիճակի մասին, մենք կանեինք անհրաժեշտ ամեն ինչ և թույլ չէինք տա, որպեսզի այդպես ստացվեր: Իսկ թե ինչպես են իշխանությունները թույլ տվել այդպիսի հուղարկավորություն, դա արդեն մեզ հետաքրքրող այլ հարց է»,– ասել է պատրիարքի պարտականությունները կատարող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

«Ընտանիքը շատ հայտնի է և բարեկեցիկ, սակայն այն չի ցանկացել  վճարել թաղման համար անհրաժեշտ ծախսերը: Եթե մենք  մտածեինք, որ նրանք իսկապես կարիքավոր են, մենք կդիմեինք պատրիարքարան` օգնության խնդրանքով: Իհարկե, նա կարող էր թաղվել անվճար, բայց նախ և առաջ  պետք է ապացուցվեր նրա աղքատությունը»,– ասել է  Սուրբ Կարապետ եկեղեցու հիմնադրամի ներկայացուցիչ  Օշին Մումջույանը:

Այնուհադերձ Աթեշյանը հայտնել է, որ հանգուցյալի ընտանիքը իրենց չի դիմել:

Նա ասել է, որ հանգուցյալի աղջիկը  համաձայնություն է տվել  Հայ Առաքելական եկեղեցու ավանդույթների համաձայն հուղարկավորությանը  և  որ  Կամպարիսօղլուի մարմինը անհրաժեշտ արարողություններից հետո վերաթաղվի հայկական գերեզմանոցում:

Մինչդեռ Ղարաջաախմետ գերեզմանոցի տնօրինությունը, որը հավանություն էր տվել Կամպարիսօղլուի հուղարկավորությանը իսլամական ավանդույթներով, հայտարարել է, որ  ոչ մահմեդականները կարող են թաղվել մահմեդական գերեզմանատներում այն դեպքում, երբ  հայտարարվում է, որ մահացածը մահմեդական է դարձել: «Կամպարիսօղլուն հայտարարվել էր մահմեդական: Կա երկու մարդ, որոնք վկա են եղել նրա իսլամ ընդունմանը»,– հայտարարել է տնօրինությունը: