«2009 թվականին գնահատական տալու համար դեռ ժամանակ է պետք: Ակնհայտ է, որ 2009-ը լի էր փորձություններով եւ մեր երիտասարդ պետությունը ցույց տվեց, որ ի վիճակի է արհավիրքներ հաղթահարել»,- դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Անդրադառնալով տնտեսական ճգնաժամին, նա նշեց, որ այն բացահայտեց մեր տնտեսության թույլ կողմերը եւ նաեւ դասեր տվեց, որ պետք է դիվերսիֆիկացնել տնտեսությանը, ստեղծել մրցակցային պայմաններ եւ լինել համարձակ: Վարչապետը խոստովանեց, որ երկրի տնտեսությունը դեռեւս մնում է խոցելի:
Չնայած երկրում մոտ 17 տոկսի հասնող տնտեսական անկմանը, որը ռեկորդային ողջ աշխարհում, Տ. Սարգսյանը հայտարարեց, որ կառավարության հակաճգնաժամային ծրագիրը արդյունավետ է եղել եւ իրենք ճիշտ են վարվել, որ 2009 տնտեսական տարում ընտրել են ծախսերն ավելացնելու ռազմավարություն: Նրա ներկայացմամբ, եթե 2008 թվականին Հայաստանը ծախսել է 810 միլիարդ դրամ, ապա 2009-ին այդ ցուցանիշը կազմել է մոտ 900 միլիարդ: «Եվ սա տնտեսական ճգնաժամի պայմաններում: Աղետի գոտում ստեղծել ենք 3 հազար աշխատատեղեր, կառուցել 415 կմ ճանապարհներ, ոռոգման համակարգում անցկացրել ենք 300 կմ խողովակներ»,- ասաց նա ու հավելեց, որ 2010 թվականին ոռոգման համակարգում կանցկացվեն եւս 500 կմ խողովակ:
«2009-ին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արձանագրել ենք 3,5 տոկոսի աճ: Այս ոլորտը գերակայություն է Հայաստանի համար եւ այն ամրապնդել է իր դիրքերը»,- ասաց վարչապետն ու հավելեց. «Օրանժ» ընկերության Հայաստանի շուկա մւտքով ինտերնետից օգտվողների քանակը կրկնապատկվել է հասնելով 150 հազարի: Այսինքն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի համար լինելու է տնտեսության զարգացման առաջնահերթություններից մեկը":



























