Հայաստանի քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն է անցել ԽՍՀՄ զինված ուժերում` 1979-81թթ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Քաղաքաշինության նախարարությունից` պարզաբանելով մեր լրատվամիջոցում տեղ գտած «Կառավարության 17 տղամարդկանցից 3-ն է ծառայել բանակում» հրապարակման այն  տեղեկատվությունը, ըստ որի` քաղաքաշինության  նախարարը չի ծառայել բանակում:

Քաղաքաշինության նախարարությունից հայտնեցին, որ Սամվել Թադեւոսյանը ունի լեյտենանտի կոչում:

Նշենք, որ NEWS.am-ի այս հրապարակման համար հիմք են հանդիսացել նախարարների` Կառավարության պաշտոնական կայքում տեղադրված կենսագրությունները: Իսկ Քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի կենսագրության մեջ Զինված ուժերում ծառայելու մասին որեւէ տվյալ չկա: Նրա բանակում ծառայելու մասին տեղեկություն չկա նաեւ նախարարության պաշտոնական կայքում: Այնպես որ, կոչ ենք անում նախարարներին չթաքցնել ԶՈՒ-ում ծառայելու մասին տեղեկությունները, որովհետեւ դրանք ոչ թե թաքցնելու, այլ հպարտանալու առարկա պետք է լինեն, առավել եւս` երբ մեր պաշտոնյաներից քչերը այդպիսի հպարտանալու առիթ կունենան: