Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրությունների ընթացքում գրանցվել են մի քանի խախտումներ: Նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի շտաբի պետ Էդուարդ Աղաբեկյանը դիմում է ներկայացրել արձանագրված խախտումների վերաբերյալ:
Ինչպես տեղեկացնում է karabakh-open կայքը, այսօր առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի թիվ 10 ընտրատեղամասում խախտում է գրանցել Վիտալի Բալասանյանի վստահված անձը. տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմինե Հովհաննիսյանը 2 հոգու հետ մտել է քվեախուց, իսկ մեկ բնակչի թույլատրել են քվեարկել անձնագրի պատճենով: Արձանագրությունը տեղում կազմվել է, սակայն հանձնաժողովի անդամները չեն ցանկանում ստորագրել արձանագրության տակ:
Իսկ երեկ Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում Վիտալի Բալասանյանի վստահված անձ Արսեն Գրիգորյանի նկատմամբ բռնություն է գործադրվել. նրան մոտեցել են գյուղի դպրոցի տնօրեն Սլավիկ Գրիգորյանը եւ գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը, հարցրել, թե ինչու է համաձայնվել Վիտալի Բալասանյանի վստահված անձ լինել:
Վստահված անձի պատասխանից հետո Արմեն Ղահրամանյանը 2 անգամ հարվածել է Արսեն Գրիգորյանին, իսկ այսօր էլ, երբ ընտրատեղամասը բացվել է, նա Բակո Սահակյանի վստահված անձ Անդրանիկ Ղահրամանյանի միջոցով փոխանցել է, որ Արսեն Գրիգորյանը լքի ընտրատեղամասը:
«Համանման ճնշումներ կան նաեւ Խնածախի վստահված անձի նկատմամբ: Մանրամասները ճշտվում են»,-նշվում է բողոք-դիմումի մեջ:



























