Վայոց ձորի մարզն անցյալ տարի գյուղատնտեսության աջակցության ծրագրերի շրջանակներում մատչելի գներով ձեռքբերված հացահատիկի սերմացուի, պարարտանյութի եւ դիզելային վառելիքի շնորհիվ շուրջ 80 հեկտարով ավելացրել է հացահատիկի եւ հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքերը: Աճել են նաեւ կարտոֆիլին տրամադրված տարածքները:
Ինչպիսի՞ն է այս տարվա բերքը, ի՞նչ խնդիրներ ունեն գյուղացիներն ու վերամշակողները: Այս եւ նման այլ հարցերին տեղում ծանոթանալու նպատակով այսօր` հուլիսի 24-ին, Վայոց ձորի մարզ է այցելել գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Աշխատանքային այցն սկսվել է Արենի համայնքից, ուր մարզպետ Էդգար Ղազարյանի հետ նախարարը շրջել է հարուստ՝ 200-250 ցենտներ բերք խոստացող խաղողի եւ պտղատու այգիներում, ծանոթացել անհատ ձեռնարկատեր Հայկ Ոսկանյանի տնտեսությանը, եղել «ԱՐՓԱ-ԱԼԿՈ» գինեգործարանումՙՙ, ուր գործադիր տնօրեն Միքայել Գրիգորյանի հետ քննարկել են սպասվող բերքի, մթերման ծավալների եւ ձեւավորվող գների հետ կապված հարցերը:
Գնդեվազ համայնքում Սերգո Կարապետյանը եղել է Վարդան Հովհաննիսյանի ծիրանի նորատունկ այգում, որի մի մասն, ի դեպ, արդեն բերքի տակ էր, եւ հավաքվող ծիրանն անմիջապես մթերվում էր վերամշակողների կողմից, ինչպես նաեւ համայնքի հացահատիկի դաշտերում, ուր հասունացող բերքը ցավոք սպասվածից ցածր է լինելու:
Ջերմուկի հանքային ջրերի գործարանում նախարարին ներկայացրել են վերջին տարիներին այստեղ ներդրված առաջավոր տեխնոլոգիաներն ու սարքավորումները:
Օրվա երկրորդ կեսին նախարարն ու նրան ուղեկցող անձինք այցելել են Եղեգնաձորի պահածոների գործարան:
Այցելության արդյունքներն ամփոփվել են Վայոց Ձորի մարզպետարանում, ուր համայնքապետերի եւ ոլորտը ներկայացնող մասնագետների հետ հանդիպմանը նախարարը նախ ներկայացրել է նախորդ տարի գյուղատնտեսության ոլորտում արձանագրված առաջընթացը, այնուհետեւ խոսել ընթացիկ տարվա զարգացման միտումների, մասնավորապես նախատեսվող յոթի փոխարեն աճի ցուցանիշը ութ տոկոսի հասցնելու անհրաժեշտության մասին:



























