Աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 28-ի երեկոյան մասնակցել է Բրիտանահայ համայնքային և եկեղեցական խորհրդի կողմից կազմակերպված ընդունելությանը: Ինչպես հայտնում են Հայաստանի նախագահի մամլո գրասենյակից, Ս. Սարգսյանը հանդես է եկել Մեծ Բրիտանիայի հայ համայնքի ներկայացուցիչներին ուղղված ողջույնի խոսքով: «Հայաստանը և Սփյուռքը ուժեղ են միայն իրար հետ ուս ուսի տված: Մենք Հայաստանում մեզ ավելի զորեղ ենք զգում՝ գիտակցելով մեր սփյուռքի ուժը: Վստահ եմ, որ նույն կերպ էլ դուք եք զգում Հայաստանի Հանրապետության ներկայությունը»,-ասել է նախագահը:
Նա նշել է, որ Մեծ Բրիտանիայի կազմակերպված ու հետևողական համայնքը մեր կողքին է եղել 20-ամյա անկախ Հանրապետության բոլոր օրհասական պահերին: «Արցախյան գոյամարտի, երկրաշարժի, արհավիրքների ու դժվարությունների պահերին դուք զորավիգ եղաք և աջակցեցիք Հայաստանին: Դուք նպաստեցիք նրա կայացմանը, աջակցեցիք երկրի տնտեսական-քաղաքական առաջընթացին: Այսօր էլ բազում հայորդիներ սատար են կանգնում Հայրենիքին իրենց գիտելիքով ու կարողություններով, գաղափարներով և ֆինանսական ներդրումներով»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Նախագահը անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանության խնդրին. «Կարծում եմ, ձեր համայնքը մեծ ներուժ ունի, որի լիարժեք և արդյունավետ օգտագործումը հնարավորություն կտա արձանագրել նոր հաջողություններ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման, հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման, համազգային հիմնախնդիրների լուծման ճանապարհին: Մենք շարունակելու ենք մեր միասնական գործողությունները Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: Վստահ եմ, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցն այս առումով լինելու է շրջադարձային: Մեծ Բրիտանիայի համայնքն ունի միասնաբար և համառորեն դժվարությունները հաղթահարելու մեծ փորձ և հմտություններ: Վստահ եմ, որ շարունակելով ու զարգացնելով հայրերի ու պապերի լավագույն ավանդույթները՝ նոր սերունդը պիտի գիտակցի, որ նաև իր ուսերին է դրված հայրենիքը զորացնելու և համազգային հիմնախնդիրները լուծելու ծանր բեռը»:
Ս. Սարգսյանն անդրադարձել է անեւ Հայրենիք-Սփյուռք գործակցությունը` մշելով, որ այն այսօր նոր ձև ու բովանդակություն է ստացել, դարձել է Հայաստանի Հանրապետության կարևորագույն ռազմավարական ուղղություններից մեկը: Սփյուռքի ներկայությունը առկա է բոլոր բնագավառներում: «Մեր անկախ պետականության բոլոր նվաճումները տասը միլիոն հայության աշխատանքի, պայքարի, ներդրման ու ջանքերի պտուղ են»,-ավելացրել է նա` կոչ անելով ներկաներին դառնալ նաև Հայաստանի քաղաքացիներ և անմիջականորեն մասնակցել հայրենիքի կառուցման բոլոր գործընթացներին:
































