Ռուսաստանում վերնախավի ներկայացուցիչների վարկանիշային աղյուսակում, ինչպես եւ անցած տարի, առաջին տեղը զբաղեցնում է վարչապետ Վլադիմիր Պուտինը: Այդպես են կարծում ռուսաստանցիների 67,4 տոկոսը: Այսօր՝ դեկտեմբերի 29-ին նման տվյալներ է հրապարակել Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը:

Երկրորդ տեղում, ինչպես եւ անցած տարի, երկրի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն է: Ըստ դեկտեմբերի 19-20-ն անցկացված հարցման արդյունքների՝ այս տարի երկրի առաջնորդի դիրքերը բավական բարելավվել են ՝ 38.8 տոկոսից հասնելով 50,64 տոկոսի: Առաջնորդների եռյակը եզրափակում է երգչուհի Ալլա Պուգաչեւան, որի վարկանիշը 23,76 տոկոսից ընկել է 17,76 տոկոսի:

Առաջին տասնյակում են հայտնվել նաեւ արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Շոյգուն (15,12), պատրիարք Կիրիլը (15,12), Վլադիմիր Ժիրինովսկին (10,75) կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը (9,38), ռեժիսոր Նիկիտա Միխալկովը (8,74), երգիչ Իոսիֆ Կոբզոնը (7.65) եւ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը (6,47):