Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանն օրերս ընտրվել է ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնում: Ի դեպ, սա առաջին դեպքն է, երբ Հայաստանի ներկայացուցիչն ընտրվում է նման բարձր պաշտոնում՝ այդ կառույցում:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը, Արմեն Սմբատյանը դեռևս չի անցել իր նոր պարտականությունների կատարմանը և շարունակում է կատարել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանի պարտականությունները: Ինչպես հայտնի է, դեսպաններն իրենց պաշտոնում նշանակվում և ազատվում են նախագահի հրամանագրով, ինչի առկայության դեպքում, նախագահի լրատվական ծառայությունը օպերատիվորեն տեղեկացնում է լրատվության միջոցներին և հասարակայնությանը:
Լուրեր են պտտվում, որ Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպանը լինելու է ԼՂՀ ԱԺ նախկին խոսնակ, այնուհետեւ Բելառուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը:




























