«Ռուս-հայկական համագործակցություն հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը մեկնաբանել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի վերջին հայտարարությունը, որ խիստ քննադատության էր ենթարկվել Մոսկվայում Հայաստանի դեսպանության, եւ Համատեղ անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության կողմից:

»Հենց լսում ես Ադրբեջանի մշակույթի գործիչներից մեկի՝ ներկայումս Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանի հերթական հայտարարությունը, ստիպված ես հիշել այն ասացվածքը՝ «Եթե այդքան տխուր չլիներ, կարելի էր ծիծաղել»: Այսօր՝ հինգ ամիս անց իր սադրիչ վերջին հայտարարությունից հետո պարոն դեսպանը կրկին հանդես է գալիս պատերազմի կոչերով, Ռուսաստանի ադրբեջանցիների զանգվածային մոբիլիզացիայի կոչերով եւ այլ ռազմատենչ հայտարարություններով":

Հայտնի է, որ այս տարվա աշնանը Մոսկվայում կայացել են հայկական եւ ադրբեջանական հասարակությունների ներկայացուցիչների հանդիպումներ, որոնց մասնակցել է նաեւ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը: Նրան բացառիկ հնարավորություն էր տրվել մտնել երկու հարեւան ժողովուրդների պատմության մեջ որպես խաղաղարարի: Բնականաբար, հայտնի ամառային ռազմատենչ սրացումներից հետո այդ հանդիպումների մասնակիցները նրանից բացատրություններ էին պահանջել: Դեսպանը փորձում էր համոզել հայկական պատվիրակության անդամներին՝ պատգամավորների, լրագողների, մշակույթի գործիչների, թե ստիպված է այդպիսի ելույթներ ունենալ, քանի որ Ադրբեջանում չեն հասկանում իր «առաքելությունը» եւ խնդրել է, որ իրեն «գոնե հայերը ճիշտ հասկանան»:

Ռուսաստանի հայկական սփյուռքը վերջնականապես պատկերացրեց, որ Ադրբեջանի ղեկավարությունն իսկապես հիվանդ է հակահայկականության վարակով։ Բայց այդ բարձրաստիճան անձը փորձում է այդ վարակը բերել Ռուսաստան՝ ուղեկցելով դա պատերազմի կոչերով, ինչը հակասում է մարդկային պահվածքին եւ միջազգային իրավունքին: