Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է օպերատիվ կերպով համաձայնեցնել նավթի Բելառուս մատակարարման պայմանները: Հունվարի 4-ին փոխվարչապետ Իգոր Սեչինի հետ հանդիպման ժամանակ նա հույս է հայտնել, որ «պայմանավորվածություններ ձեռք կբերվեն ամենամոտ ապագայում, ելնելով մեր ընդհանուր շահերից եւ ՌԴ-ում գործող օրենսդրությունից»:
Պուտինը հիշեցրել է, որ մինչ օրս Բելառուսին նավթ մատակարարելու համար գործում էր զեղչային կարգ, ըստ որի ռուսական կողմը 36 տոկոսով իջեցնում էր մաքսատուրքերի ընդհանուր ծավալը: Երբ ՌԴ վարչապետը հետաքրքրվել է, թե ինչպիսին է այդ համաձյնագրի ճակատագիրը, Սեչինը հիշեցրել է, որ մաքսատուրքը նվազեցնող գործակցի գործողության ժամկետը այս տարվա սկզբին ավարտվել է: «Հաշվի առնելով, որ մենք յուրահատուկ վերաբերմունք ունենք մեր բելառուսական գործընկերների հետ, ռուսական կողմն առաջարկել է շարունակել արտոնյալ պայմաններով նավթի մատակարարումը Բելառուս` այդ երկրի ներքին օգտագործման համար: Մենք ելնում ենք նրանից, որ դա կկազմի մինչեւ 6 միլիոն տոննա անմաքսատուրք նավթ»,- ասել է Պուտինը:
Նշենք, որ ռուսական կողմը նախազգուշացրել է, որ եթե մինչեւ հունվարի 1-ը այդ համաձայնագիրը չստորագրվի, ապա Բելատուսը նավթ կստանա 100 տոկոս մաքսատորքերի ռեժիմով: Այնինչ բելառուսական կողմը պնդում է, որ մինչեւ պայմանավորվածությունների ձեռք բերումը` հունվար-փետրվար ամիսներին ՌԴ-ից նավթը մատակարարվի «ավելի վաղ երկու նախագահների միջեւ ձեռքբերված պայմանավորվածությունների համաձայն»: Բելառուսի կառավարությունում նշել են նաեւ, որ բանակցությունների ժամանակ բելառուսական պատվիրակության վրա աննախադեպ ճնշումներ են կիրառվել: «փաստաի առաջարկվել է խախտել միասնական մաքսային տարածք ստեղծելու եւ Մաքսային միություն ձեւավորելու մասին հիմնարար պայմանագիրը, որը ստորագրվել է Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահների կողմից»,- ասված է Բելառուսի կառավարության մամուլի ծառայությունից:




























