Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Սասունի ամենաբարձր Մարութա լեռան գագաթին (2973 մ) գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու տանիքի եւ մուտքի մի հատվածը քանդվել է անհայտ չարագործների կողմից:
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Ստամբուլում Սասունի հայերի միության նախագահ Ազիզ Դաղջըն դիմել է Սասունի դատախազություն՝ հայտնելով, որ Մարութա սարի Բարձր Աստվածածին (Սուրբ Աստվածածին) եկեղեցու մուտքի եւ առաստաղի մի մասը անհայտ անձիք քանդել են:
«Չգիտենք, թե ինչ ուզել քանդողները: Նախորդ ամիս մի խումբ հայեր Մարութա սարում ուխտ են կատարել, մատաղ արել՝ նշելով եկեղեցու օրը: Հասցված վնասի մասին տեղեկացել ենք հովիվներից»,-նշել է Ազիզ Դաղջըն՝ շեշտելով, որ եկեղեցին քանդվել է հուլիսի 29-ից օգոստոսի 21-ը ընկած ժամանակահատվածում:
Նշենք, որ այս տարվա հուլիս 28-ի երեկոյան Սասունից, Հայաստանից, Ստամբուլից եւ աշխարհի տարբեր երկրներից ժամանած մոտ 100 հայեր ուխտ են կատարել Մարութա սար՝ հաջորդ առավոտյան հասնելով Մարութա Սուրբ Աստվածածին:




























