Հայաստանում բնական գիտությունների եւ հայագիտության ներկայացուցիչների միջեւ վեճը փոքր-ինչ  արհեստական է եւ ծագել է այն պատճառով, որ հայագիտության ներքո հասկանում են բացառապես աղբյուրագիտական բանասիրական եւ պատմական հետազոտությունները: Գիտության դաշտը նեղացնում են, ընդ որում` ոչ միայն Հայաստանում, այլեւ Արեւմուտքում: Այս մասին  NEWS.am-ի թղթակցին ասաց ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ժամանակակից էթնոլոգիայի բաժնի պետ, ԳԱԱ թղթակից- անդամ Լեւոն Աբրահամյանը:

Նրա խոսքով` հայագիտությունը  հայերի եւ հայության հետ կապված բոլոր խնդիրների ուսումնասիրումն  է: Այստեղ եւ հնագույն պատմություն է, եւ ցեղասպանությունն ու հայերը ժամանակակից աշխարհում: «Նման լայն դաշտում  ավելի մեծ են  այդ վեճերը լուծելու շանսերը»,-կարծում է գիտնականը:

Ինչ վերաբերում է հայագետների եւ, հատկապես, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նկատմամբ հարձակումներին, նա դրանք անտեղի է համարում: Ըստ գիտնականի` ինստիտուտ-թանգարանը լավ կադրեր է պատրաստում եւ օգտակար աշխատանք  է կատարում: «Ընդդիմախոսները կառչել էին նրանից, թե նրանք հեղինակավոր հանդեսներում չեն հրապարակվում, չեմ կարծում, որ դա լուրջ փաստարկ է»,-նշեց նա:

Անդրադառնալով հեղինակավոր գիտական հանդեսներում հրապարկման խնդրին ` նա նկատեց, որ այն նաեւ իր սողանցքներն ունի. բավական է տեղյակ լինել գիտության «նորաձեւ» ուղղություններին ու միտումներին, եւ ցանկացած «պսեվդոգիտական» հոդված կարող է հայտնվել ամենահեղինակավոր ամսագրում:

Լ. Աբրահամյանը ամսագրերի համար գիտական գրախոսության առավել օբյեկտիվ տարբերակ է առաջարկում` այն մեթոդը, որը կիրառվում է   «Current Anthropology» ամսագրում, որում հոդվածը գրախոսում է ոչ թե մեկ գիտնական, այլ առնվազն 15-ը, եւ այն հրապարկվում է նրանց մեկնաբանություններով:

«Մենք պետք է երախտապարտ լինենք Մաշտոցին, անգամ նրան խոնարհվելու հատուկ ծիսակարգ ունենանք, որ նա մի հանճարեղ բան է արել, ստեղծել է լեզու, որը ոչ ոք չգիտի: Եւ դրա շնորհիվ այստեղ հրապարակվող շատ տխմար ու հիմար բաներ Արեւմուտքում չեն կարող կարդալ»,-նշեց գիտականը: Ըստ նրա` պետությունը, գիտական հանրությունը պետք է որոշակի մեխանիզմ ընտրեն, որ թարգմանվեն եւ «peer review»-ներում հրապարակվեն  միայն «մակարդակ ունեցող գործերը»: