Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ներկա է եղել Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցությանը: Խորհրդակցության նպատակն է ուսումնական տարին սկսել նախապատրաստված, տեղում ծանթանալ եւ քննարկել մարզի դպրոցներում առկա հիմնախնդիրները, առաջարկել լուծումներ:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկայացնելով նախորդ ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը` Գեղարքունիքի մարզպետարանի կրթության եւ մշակույթի վարչության պետ Գարիկ Բադալյանը անդրադարձել է առկա խնդիրներին: ԿԳՆ Կրթության տեսչության կողմից կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ` կապված տնօրենների թափուր պաշտոններ զբաղեցնելու մրցույթների, ինչպես նաեւ ուսուցիչներին մրցույթների անցկացման հետ:
Հաշվի առնելով ԿԳՆ-ի կողմից ներկայացված արձանագրությունները` Գեղարքունիքի մարզպետ Ռ. Գրիգորյանի կողմից մի քանի դպրոցներում չեղյալ են համարվել ուսուցիչների ընտրության արդյունքները, տնօրեններին տրվել են նկատողություններ` աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար:
Իր խոսքում կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ կրտսեր դպրոցի բոլոր դասագրքերը աշակերտներեին տրամադրվելու են անվճար: Դիմելով խորհրդակցությանը ներկա դպրոցների տնօրեններին՝ նախարարն ասել է. «Հարգելի տնօրեններ բոլոր դասագրքերը` ներառյալ օտար լեզվի դասագրքերը, որոնք նախկինում հատկացվում էին վճարովի, այսուհետ աշակերտներին պետք է տրամադրվեն անվճար: Կրթության եւ գիտության նախարարությունը այս առումով իրականցնելու է հետեւողական վերահսկողություն: Հարգելի տնօրեններ իմ պահանջն է տեղերում այդ գործընթացը կազմակերպել արդյունավետ »:




























