Երեւանում, օգոստոսի 28-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել «Ջազզվե» ՍՊԸ եւ «Բարբրի Լիմիթեդ» ընկերության դատական գործով վերջին նիստը: Դատարանի վճռով հաստատվել է կողմերի հաշտության  համաձանությունը:

«Ջազզվե» ընկերության շահերը պաշտպանող «AM» իրավաբանական ընկերության փաստաբանները հայտնում են, որ ըստ համաձայնության` «Բարբրի Լիմիթեդ» ընկերությունը  հրաժարվել է «Ջազզվե» ՍՊԸ նկատմամբ հեղինակային եւ հարակից իրավունքների խախտման եւ այլ վնասների, ինչպես նաեւդատական ծախսերի հատուցման բոլոր պահանջներից: Վերջինս էլ պարտավորվել է մեկ տարվա ընթացքում փոխել իր սպասարկման կենտրոններում առկա հարդարանքի աննշան տարրեր, որոնք կարող էին նմանեցվել այլ ընկերության  ապրանքային նշանում պարունակվող պատկերներին:

«AM» իրավաբանական ընկերության ղեկավար, փաստաբան Գրիգոր Մինասյանն ասել է. «Ջազզվեն» բավարարված է գործի ելքով: Ընդհանրապես մեր հաճախորդների համար  հաղթանակներ ապահովելով՝ մենք երբեք չենք անտեսում բոլոր կողմերի համար շահավետ լուծումներ ապահովող այլընտրանքները: Իհարկե ուրախալի է, երբ մեր հերթական հաղթանակը դատական գործում՝ չի նշանակել պարտություն որեւէ այլ անհատի կամ ընկերության համար»:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում գրանցված «Բարբրի Լիմիթեդ» ընկերությունը դեռեւս 2011թ. դիմել էր «Ջազզվե» ընկերությանը` պահանջելով դադարեցնել իրենց ընկերությանը պատկանող ապրանքային նշանի օգտագործումը: