ԱՊՀ անդամ պետությունների հետ ազատ առեւտրի գոտու համաձայնագիրն անընդունելի է: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը; Ասուլիսի սկզբում նա այդ համաձայնագիրը անվանում էր «մաքսային միության մասին», սակայն NEWS.am-ի թղթակցի դիտողությանը, որ Հայաստանն առայժմ մերժում է Եվրասիական միության հետ մաքսային միություն կազմելու առաջարկը, Հ. Բագրատյանն ասաց, որ ԱԺ-ին ներկայացված նախագիծը 75-80 %-ով մաքսային միության մասին է: Նրա կարծիքով՝ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրն ըստ էության մաքսային միություն է ձեւավորում:

Ըստ ՀԱԿ ներկայացուցչի՝ պարզ չէ նաեւ, թե մաքսային ինչ տարիֆների վրա է հիմնվելու «մաքսային միությունը» (նկատի ունի ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը): Նա նաեւ դժգոհեց, որ ներկայացված համաձայնագրում որոշ երկրներ ավելացրել են բացառություններ, ինչը մի քանի տարով սահմանափակելու է ազատ առեւտուրը համաձայնագիրը կնքած երկրների միջեւ:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի