2012 թ. սեպտեմբերի 4-ի նիստում ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%: Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքէջից:
ԿԲ խորհուրդն արձանագրել է, որ արտաքին եւ ներքին տնտեսությունների զարգացումներն օգոստոսին ընթացել են հիմնականում ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության երրորդ եռամսյակի ծրագրի բազային սցենարին համահունչ: Զարգացած երկրների պարտքային հիմնախնդիրների քաղաքական լուծումների վերաբերյալ անորոշությունների պայմաններում, կանխատեսող հորիզոնում, կպահպանվի համաշխարհային պահանջարկի ցածր մակարդակը: Մյուս կողմից, հացահատիկի միջազգային շուկայում վերջին ամիսներին գների շարունակական աճի հետևանքով պարենային ապրանքների միջազգային շուկաներում ձեւավորվել է գնաճային միջավայր, ինչն արդեն մասամբ իր արտացոլումն է գտել ներքին գների վարքագծում:
ԿԲ խորհրդի գնահատմամբ՝ կանխատեսվող հորիզոնում պահպանվում է ներքին գների վրա ՀՀ տնտեսության զարգացումներից ակնկալվող գնաճային ազդեցությունը` պայմանավորված մասնավոր սպառման աճի առավել արագ տեմպերով: Վերջինս որոշ չափով կչեզոքացվի հարկաբյուջետային քաղաքականության զսպող ազդեցությամբ:
Նշվել է, որ վերջին ամիսների գնաճի զարգացումները հիմնականում ընթանում են դրամավարկային քաղաքականության երրորդ եռամսյակի ծրագրի բազային սցենարով: Այդ պարագայում սպասվում է, որ կանխատեսող հորիզոնում 12-ամսյա գնաճը կձեւավորվի իր նպատակային ցուցանիշի շրջակայքում` պահպանվելով ±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում:
Միաժամանակ, միջբանկային շուկայում տոկոսադրույքների տատանումների նվազեցման նպատակով, ԿԲ խորհուրդը շարունակում է ներգրավվող ավանդի եւ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքների միջեւ եղած տարբերությունը նվազեցնելու գործընթացը` որոշելով 5 տոկոսային կետից այն դարձնել 4 տոկոսային կետ:




























