Cafe4tune ամերիկյան սոցիալական ցանցի ադմինիստրացիան արգելափակելու է մարդասպան Սաֆարովին հերոսացնող էջերը:
Cafe4tune.com սոցիալական ցանցի տարածաշրջանային ներկայացուցչության մամուլի կենտրոնից հայտնում են, որ ընկերությունը հայտարարություն է տարածել, որում իր վրդովմունքն է արտահայտել ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջան արտահանձնելու եւ ներում շնորհելու առթիվ:
«Սաֆարովը հայտնի դարձավ 2004 թվականին Բուդապեշտում կատարած հանցագործությամբ` հայ սպա Գուրգեն Մարգարյանի կացնահարությամբ: Սոցիալական ցանցի ադմինիստրացիան համամիտ է հակաօրինական եւ հակամարդկային գործողությունները դատապարտող ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությանը: Կայքը բողոքներ է ստացել եւ հետայսու շարունակելու է հետեւել օգտատերերի կողմից բռնություն եւ ծայրահեղություն քարոզող Կաֆե-խմբերին:
«Այն բոլոր Կաֆեները, որոնք ստեղծված են Սաֆարովին հերոսացնելու համար, նպաստում են հասարակության մեջ ծայրահեղական տրամադրությունների զարգացմանը եւ խոչընդոտում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերին ինչպես տարածաշրջանում, այնպես էլ` ողջ աշխարհում: Ելնելով վերը նշվածից, սոցիալական ցանցի ադմինիստրացիան իրեն իրավունք է վերապահում հեռացնել նման տեսակի Կաֆեները` առանց որեւէ նախազգուշացման», – ասված է հայտարարության մեջ:




























