Ոստիկանները Երեւանի «Վերնիսաժ» տոնավաճառում` «Պրոմեթեյ»  բանկի մոտից,  օրերս առգրավվել են պոռնոգրաֆիկ ամսագրեր: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Կենտրոնականի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Երեւանի «Վերնիսաժ» տոնավաճառում` «Պրոմեթեյ» բանկի հարեւանությամբ, պոռնոգրաֆիկ ամսագրեր են վաճառում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ  «Վերնիսաժ»-ի մի անկյունում  62-ամյա Սարգիս Խ- ն մի շարք ապրանքների հետ  վաճառքի է հանել նաեւ «անբարոյական» ամսագրեր:

Ոստիկանները առգրավվել են ոչ միայն ամսագրերի դեռեւս չվաճառված խմբաքանակը, այլեւ հայտնաբերել գնորդներին եւ նրանցից վերցրել գնած ապրանքը:

Ոստիկաններն առգրավված ամսագրերն ուղարկել են փորձաքննության:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ կատարվում է հետաքննություն, հանգամանքները պարզվում են: