ՀՀ պետական բյուջեի եկամուտների հավաքագրումն ընթանում է ըստ սցենարի, մի փոքր գերակատարումով: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ ներկայացնելով բյուջեի կատարման 8 ամիսների արդյունքները: Մասնավորապես՝ 2012 թ. առաջին ութ ամիսների ընթացքում հավաքագրել է 567,1  միլիարդ դրամ եկամուտ, որից հարկերը, տուրքերը եւ սոցվճարները կազմել են 550,1 մլրդ դրամ:

«Բյուջեի կատարողականի փաստով կարող ենք արձանագրել, որ որեւէ չկատարված եւ չվճարված ստանձնած պարտավորություն գոյություն չունի, միեւնույն ժամանակ եկամուտների հավաքագրումն ընթանում է ըստ սցենարի»,- նշեց Վ. Գաբրիելյանը: Նրա տեղեկացմամբ՝ պետբյուջեի դեֆիցիտը տարվա վերջում մի քանի տասնյակ միլիարդով պակաս կլինի նախատեսվածից: