Սեպտեմբերի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրաքի փոխվարչապետ Ռաուշ Նուրի Շաուեյսի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանի:

Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ Նորին Սրբությունը, ողջունելով Իրաքի փոխվարչապետի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ընդգծեց երկու ժողովուրդների միջեւ պատմական խորը արմատներ ունեցող բարեկամական հարաբերությունները, որոնք մշտապես հատկանշված են եղել ջերմությամբ, փոխըմբռնման ու համագործակցության ոգով: Ամենայն Հայոց Հայրապետը այս առնչությամբ գոհունակություն հայտնեց, որ համահունչ այդ բարեկամությանը երկու երկրների փոխհարաբերությունները նոր որակ են ձեռք բերում` ուղենշելով համագործակցության տարբեր ոլորտներ:

Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը մասնավոր անդադարձ կատարեց Իրաքի հայ համայնքին` ուրախությամբ նշելով, որ երկրի խնդիրների կարգավորման հետ մեկտեղ առաջընթաց է ապրում նաեւ հայ համայնքը` վերադառնալով իր բնականոն կյանքին: Նորին Սրբությունը խոսեց նաեւ Իրաքի հայոց թեմի գործունեության, միջեկեղեցական-միջկրոնական հարաբերություններում փոխհասկացողության, համերաշխության եւ եղբայրական ոգու զորացմանն ուղղված թեմի ջանքերի մասին: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը փոխվարչապետի միջոցով իր գնահատանքը հղեց Իրաքի իշխանություններին` հայ համայնքի հանդեպ ունեցած ուշադրության, ինչպես նաեւ այն օժանդակության համար, որ ցուցաբերվում է համայնքի ազգային-եկեղեցական կառույցերի վերակառուցման եւ հաստատման գործում:

Իր հերթին, Իրաքի փոխվարչապետը, ուրախություն հայտնելով հայոց հոգեւոր կենտրոն իր առաջին այցի առիթով, Վեհափառ Հայրապետին փոխանցեց Իրաքի նախագահի եւ վարչապետի ջերմ ողջույնները: Պրն. Շաուեյսը նշեց, որ ամեն ջանք պետք է գործադրվի երկու ժողովուրդների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերությունները պահպանելու համար: Իրաքի փոխվարչապետն ընդգծեց նաեւ Հայ եկեղեցու եւ հայ համայնքի կարեւոր եւ դրական դերակատարությունը երկրի կյանքում:

Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը մաղթեց, որ Աստված արդյունավորի երկու երկրների բարեկամության ամրապնդմանն ուղղված ջանքերը եւ հաստատուն խաղաղության մեջ պահի Իրաքը եւ նրա աստվածասեր ժողովրդին: