Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սեպտեմբերի 7-ին ժամը 10:30 կկայանա Հայկ Խաչատրյանի գործով երկրորդ դատական նիստը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից:

Նրանց փոխանցմամբ` սեպտեմբերի 7-ին կայանալիք դատական նիստի ընթացքում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Մուշեղ Շուշանյանը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավորին: Օգոստոս 25-ին կայացած առաջին դատական նիստին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Մուշեղ Շուշանյանը դատախազ Համբարձում Մելիք-Սարգսյանին բացարկ է հայտնել այն հիմքով, որ դատախազը տուժող կողմի միջնորդությունը նախատեսված ժամկետում լուծում չի տվել, իսկ գործը առանց դրա մտել է դատարան, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենքով եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված նորմի խախտում է: Հայկ Խաչատրյանի հայրը` Մովսես Խաչատրյանը, կարծիք է հայտնել, որ նախաքննությունը նորմալ չի ընթացել: Չեն հարցաքննվել բոլոր վկաները: Ինքը միջնորդել է, օրինակ, որ հարցաքննվի նաեւ Հայկի քեռին` Արմեն Դավթյանը, ով հոսպիտալում մնացել է Հայկի հետ եւ մահվան պահին կողքին է եղել, սակայն այդ միջնորդությունը միշտ մերժվել է:

Նշենք, որ փաստաբան Մ. Շուշանյանը դեռ հուլիսի 23-ին միջնորդություն էր ներկայացրել ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային բաժին, որով բարձրացնում էր մի շարք էական խնդիրներ, քանի որ մեղադրյալներին առաջադրված մեղադրանքները չեն բխում գործով ձեռք բերված ապացույցներից, եւ գործով որպես մեղադրյալ չեն ներգրավվել անձինք, որոնց մեղադրանք առաջադրելու համար առկա են բավարար ապացույցներ: Նախաքննության ընթացքում Մինաս Մկրտչյանին առաջադրված մեղադրանքը, ըստ փաստաբանի միջնորդության, լրացվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով, այն է` բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը: Սակայն նախաքննության մարմինը նախաքննության ավարտից մեկ շաբաթ առաջ` 2012թ. հուլիսի 12-ին, որոշում է կայացրել վերացնելու բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մեղադրանքը` անտեսելով Հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության տվյալները: Նախաքննության մարմինը Հ. Խաչատրյանի մահվանը հանգեցրած ոչ պատշաճ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների նկատմամբ առաջադրում է այնպիսի մեղադրանք, որը, ըստ փաստաբանի, կարելի է գնահատել հովանավորչություն, քրեական գործի կոծկում: Ըստ այդմ` փաստաբան Մ. Շուշանյանն իր միջնորդությամբ պահանջել է բժիշկների նկատմամբ մեղադրանքն առաջադրել ավելի խիստ պատիժ նախատեսող հոդվածներով:

Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Խաչատրյանը մահացել է 2011թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում ջրծաղիկ հիվանդությունից: