Երեկ ուշ երեկոյան արտառոց միջադեպ է տեղի ունեցել Նոր Արեշ թաղամասում: 34 փողոցի բնակիչները մեր թղթղակցին պատմել են, որ այդ նույն բնակիչներից մեկը, ով 50-52 տարեկան կլինի, բենզին է լցրել իր վրա ու նստել իր տան բակում գերանների վրա:

NEWS.am-ի տվյալներով, վերջինս հարեւաններից գումար է խնդրել` սպառնալով թե իրեն կայրի, սակայն համապատասխան գումարը չստանալով` նա ոչ թե իրականացրել է սպառնալիքը, այլ որոշել է անձամբ զանգել իրավապահներին ու հայտնել իր մտադրության մասին:

Հարեւանների պատմելով` ոստիկաններից եւս գումար է պահանջել` իբրեւ հիվանդ հարսին բուժելու նպատակով, հակառակ դեպքում սպառնացել այրել իրենն էլ, տունն էլ, որտեղ ապրում են նաեւ ընտանիքի այլ անդամներ: Ահազանգից հետո դեպքի վայր են ժամանել իրավապահներն ու երկար բանակցություններից հետո միայն կարողացել են կանխել ինքնահրկիզումը: